Հունաստանի Կեֆալոնիա կղզում, որը հայտնվել է երկրաշարժի էպիկենտրոնում, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նախօրեին կղզում գրանցված 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորվել էր 7 մարդ: Հունաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժշկական օգնության դիմած անձանց մեծ մասը տուժել է ծանր առարկաների ընկնելու հետևանքով:
Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը Կեֆալոնիայի հարյուրավոր բնակիչներ քնել են իրենց մեքենաներում՝ վախենալով հետցնցումից, և չեն կարողացել գնահատել, թե ինչ չափով են վնասվել տները:
Կղզում ժամանակավորապես փակվել են դպրոցները: Պետական տեսուչները գնահատում են կղզու ենթակառուցվածքին հասցված վնասը:









































