Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչ Ժոզե Մոուրինյոն ուրախ է, որ Խուան Մատան մնում է Անգլիայում, չնայած այն փաստին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի կազմում իսպանացի ֆուտբոլիստը կշարունակի կարիերան, լոնդոնյան ակումբի հիմնական հակառակորդներից է:
«Ես և «Չելսի»-ի բոլոր ներկայացուցիչները մեծ հարգանքով ենք վերաբերում Խուանին և գլուխ խոնարհում նրա մեծ տաղանդի առջև: Երբ նա հայտնեց մեզ ակումբից հեռանալու ցանկության մասին, չփորձեցինք զրկել այդ հնարավորությունից: Ցանկանում ենք, որ Մատան հաջող կարիերա ունենա, իսկ բացի այդ, նրա տրանսֆերը ֆինանսական մեծ նշանակություն ունի «Չելսի»-ի համար:
Մենք ուրախ ենք, որ Խուանը մնում է Անգլիայում, թեկուզ մեր հակառակորդի կազմում: Նա երջանիկ է այս երկրում, իսկ Պրեմիեր Լիգայի համար մեծ առավելություն է, որ այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստը շարունակելու է կարիերան այստեղ: Խուանը հեռացել է մեր լավագույն մաղթանքների ներքո: Ես կարտահայտեմ ողջ ակումբի կարծիքը` գերազանց աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով նրան և ցանկանալով Մատային փայլուն ապագա»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































