Կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ծայրահեղ եղանակային պայմանները շարունակաբար սպառնում են աշխարհի պատմական և մշակութային ժառանգությանը։ Վերջին նման դեպքերից մեկը գրանցվել է Մեքսիկայում, որտեղ անձրևների և եղանակային անկայունության պատճառով վնասվել է հազարամյակների պատմություն ունեցող բուրգ։ Միչոական նահանգում գտնվող մոտ 15 մետր բարձրությամբ քարե պիրամիդի հարավային հատվածը փլուզվել է երկարատև և ուժեղ անձրևների հետևանքով։ Արդյունքում կառույցի մի մասը վերածվել է ավերակների։
Քանդված հուշարձանը եղել է Իհուացյո հնավայրի մաս, որը ներառում է նաև այլ բուրգեր, ամրոցային կառույց և դամբարաններ։ Տարածքը ժամանակին բնակեցված է եղել նահուա լեզվախմբի բնիկ ժողովուրդներով, իսկ հետագայում դարձել է պուրեպեչա ժողովրդի կարևոր կենտրոններից մեկը։ Գիտնականների խոսքով՝ նման երևույթները գնալով ավելի հաճախ են ազդում նաև այլ հնագիտական վայրերի վրա՝ սկսած Եվրոպայից մինչև Օվկիանիա, որտեղ հնագույն ժայռապատկերներն ու կառույցները նույնպես տուժում են կլիմայի փոփոխությունից։










































