Վաղը Իռլանիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի կունենա 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 55 մասնակիցները կբաժանվեն 10 ենթախմբերի, որոնից 5-ը (А-Е) բաղկացած կլինեն 5-ական, և ևս 5-ը (F-J) 6-ական հավաքականներից: Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները անմիջապես կհայտնվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում: Եվս 4 մասնակից հավաքականներ կորոշվեն Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆի միջոցով, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին:
Եկող տարվա հունիսին էլ տեղի կունենա Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն A դիվիզիոնի 4 ենթախմբերի հաղթողները՝ Շվեյցարիան, Պորտուգալիան, Հոլանդիան և Անգլիան: Վերջիններս Եվրո-2020-ի ընտրական փուլում կհայտնվեն 5-հավաքականներից կազմված ենթախմբերում: Ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2019 թվականի մարտի 21-ին և ավարտվելու է նույն տարվա նոյմբերի 19-ին: Այսինքն Հայաստանի ազգային հավաքականը գալիք տարի կանցկացնի առնվազն 8 պաշտոնական հանդիպում: Մեր ընտրանին ընդգրկված է 5-րդ զամբյուղում Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ միասին:
Այսինքն թվարկված թիմերը ենթախմբում չեն ընդգրկվի մերոնց հետ: Վերջին օրերին շատ է խոսվում, թե որ հավաքականները մեզ համար առավել հարմար մրցակիցներ կլինեն առաջիկա մրցաշարում: Ցավով պետք է նշենք, որ տվյալ պահին վիճակահանության արդյունքներն այնքան էլ էական չեն, քանզի հասկանալի է, որ եզրափակիչ փուլի ուղեգիր համար պայքար մղելուն ուղղակի պատրաստ չենք: Օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ այս շրջափուլը Հայաստանի հավաքականի համար կարող դիտարկվել միայն վերակազմավորման հնարավորություն: Ընտրական 4-րդ զամբյուղում ընդգրկված են Հունգարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Էստոնիայի, Սլովենիայի, Լիտվայի և Վրաստանի ազգային թիմերը: Թվարկվածներից, ո՞ր հավաքականին կարող ենք հաղթել: Տեսականորեն բոլորին: Տեսականորեն կարող ենք հաղթել նաև առաջին զամբյուղում ընդգրկված թոփ հավաքականներին, բայց․․․: Ազգերի լիգայի խաղարկությունում Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ մրցավեճերն ու այդ հանդիպումներում գրանցված արդյունքները ստիպում են սթափ գնահատել իրավիճակը: Այսօր կարող ենք թերևս մատնանշել այն երկու հավաքականներին, որոնց հետ ցանկալի չէր հայտնվել միևնույն ենթախմբում: Խոսքը վերաբերվում է Թուրքիային և Վրաստանին: Վրացիներն այսօր ցուցադրում են բոլորովին նոր որակի ֆուտբոլ և սկզբունքային մրցակից համարվող հարևան երկրի հավաքականից կրած պարտությունը կարծում ենք ցավալի կլինի և ավելորդ լարվածություն կառաջացնի:
Վերջին տարիների ակումբային տարբեր մրցաշարերում հայկական և վրացական ակումբների մասնակցությամբ հանդիպումները հատկապես հարևան երկրում անցել են բավական լարված մթնոլորտում և ուղեկցվել միջադեպերով: Ազգային հավաքականների մակարդակով խաղի շուրջ բնական է, որ կրքերը շատ ավելի թեժ կլինեն: Թուրքիայի հավաքականն ընդգրկված է 3-րդ զամբյուղում և ևս կարող է Հայաստանի հավաքականի մրցակիցը դառնալ: Թուքերի հետ հանդիպման փորձ արդեն ունենք: 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանն ու Թուրքիան ընդգրկված էին նույն խմբում, ինչի արդյունքում էլ սկիզբ առավ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը: Երևանում և Բուրսայում Հայաստանի հավաքականը պարտվել էր նույն 2:0 հաշվով:
Իրավիճակն այնպիսին է, որ այսօր թուրքերի նկատմամբ ռևանշի հասնելու մասին մտածելն ուղղակի անիմաստ է: Թուրքիայի հետ միևնույն խմբում ընդգրկվելը միայն ու միայն ավելորդ լարվածություն կստեղծի, ինչը նաև հոգեբանորեն կազդի մեր հավաքականի վրա: Ինչ-որ տեղ ցանկալի չէր լինի խաղալ նաև Ռուսաստանի ընտրանու հետ, որի հետ հանդիպումների շուրջ ևս ավելորդ աժյոտաժ է ստեղծվում: Չունենալով ուժեղ հավաքական՝ մեզ հարկավոր են մրցակիցներ, որոնց հետ հանդիպումները կլինեն կառուցողական, մարտունակ կոլեկտիվ ձևավորելու գործընթացում:
Եվրո-2020-ի վիճակահանությունը կսկվի Երևանի ժամանակով 15-ին:
Վիճակահանությունից առաջ ձևավորված զամբյուղներ այպիսի պատկեր ունեն․
Զամբյուղ 1 – Շվեյցարիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա, Բելգիա, Ֆրանսիա. Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան
Զամբյուղ 2 – Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա
Զամբյուղ 3 – Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել
Զամբյուղ 4 – Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Կիպրոս, Չեռնոգորիա, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան
Զամբյուղ 5 – Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ղազախստան, Ջիբրալթար, Ֆարերներ
Զամբյուղ 6 – Սան Մարինո, Անդորրա, Լատվիա, Լիխտենշտեյն, Մալթա








































