Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկին առաջարկել է երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում անելով Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշին:
Հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը Յանուկովիչը առաջարկել է Վիտալի Կլիչկոյին:
«Համաձայնության դեպքում Յացենյուկը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, և Ուկրաինայի նախագահը կառավարությունը ցրելու մասին որոշում կկայացնի»,- հայտարարել է նախարարը երկրի ղեկավարության և ընդդիմադիր առաջնորդների 3-ժամյա հանդիպումից հետո:
Յանուկովիչի հետ հանդիպմանը մասնակցել են Արսենի Յացենյուկը, ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը և արդարադատության նախարար Ելենա Լուկաշը:









































