Սահմանադրական դատարանը երեկ կասեցրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման օրենքի գործունեությունը: Ավելի շուտ` ոչ թե կասեցվել է գործունեությունը, այլ ըստ էության` կասեցվել է պարտադրանքը, մինչև մարտին դատարանը կքննարկի այդ օրենքի սահմանադրականությունը, որը վիճարկում են ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը:
Ինչպես հայտնի է, այդ ռեֆորմին դեմ են հանդես գալիս Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնք հունվարի 18-ին բավական բազմամարդ հանրահավաք անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում: Եվ ահա, Սահմանադրական դատարանը որոշել է, որ օրենքը մնում է ուժի մեջ, սակայն կուտակումները, այսպես ասած, պարտադիր չեն, այսինքն` չկուտակողները առայժմ որևէ տույժի ենթակա չեն: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու հայտարարել, որ ռեֆորմը պետք է իրականացվի, պարզապես պետք է դրա նպատակներն ու կարևորությունը լավ բացատրել հասարակությանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանություններն, ըստ էության, ընտրեցին յուրօրինակ «ոսկե միջինի» մի տարբերակ, երբ մի կողմից իշխանությունները բավարարում են քաղաքացիների պահանջները, սակայն մյուս կողմից էլ բավարարում են, այսպես ասած, միջանկյալ տարբերակով, այսինքն` մինչև վերջ չեն նահանջում և գրոհի տեղ են թողնում:
Այս տեսանկյունից իրավիճակը շատ նման է Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրավիճակին: Այդ ժամանակ էլ հասարակության հուժկու բողոքի արդյունքում թանկացման մասին որոշումը կասեցվեց, և քաղաքային իշխանությունները հարմար պահի են սպասում թանկացումը նորից իրագործելու համար: Նույն կերպ և կասկած չկա, որ ռեֆորմն առաջ մղելու համար իշխանությունները նահանջել են և սպասում են: Սպասելու են հարմար պահի, և հենց որ հասարակության զգոնությունը թուլանա, բնականաբար փորձելու են առաջ մղել կենսաթոշակային պարտադիր համակարգը:
Տրանսպորտի թանկացման մասով հասարակությունը չկորցրեց իր զգոնությունը, և քաղաքապետարանը մի քանի անգամ փորձեց առաջ բերել թանկացման նոր հնարավորության գաղափարը, որը սակայն հասարակությունը խեղդեց, այսպես ասած, օրորոցում: Նույն մարտավարությունը պետք է կիրառել նաև այս դեպքում:
Այսինքն` հասարակությունը իրավամբ տոնում է իր հաջողությունը, սակայն այդ հաջողությունը կարճատև կլինի, եթե հանրությունը չպահպանի զգոնությունը և մշտապես պատրաստ չլինի իշխանություններին անմիջապես հակադարձել ռեֆորմը, այսպես ասած, վերականգնելու փորձերի դեպքում:
Առնվազն մարտին հանրությունն ունի կոնկրետ խնդիր՝ Սահմանադրական դատարանի քննարկումից առաջ ցույց տալ սեփական հաստատակամությունը և զգոնությունը` ՍԴ-ում վերջնական և լիարժեք վճիռ ունենալու համար:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































