Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը որոշում էր կայացրել լուծարել Խոշոր սպառողների դեպարտամենտը՝ 41 աշխատակիցների թողնելով գործազուրկ:
Խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով դեպարտամենտի գործունեության մասին, ասաց, որ այս օրերին աշխատանքն ընթանում է բնական հունով, և աշխատակիցները պարտաճանաչ գնում են աշխատանքի, գործընթացը մինչև մարտ ամիս կասեցված է :
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը հնարավոր է մինչև մարտ հեռանա Հայաստանից, Ասկարյանն ասաց, որ իր իրավասությունների մեջ չի մտնում այդ մասին խոսելը, և իրեն հետաքրքրում է միայն դեպարտամենտի աշխատանքը:
Նա նաև նշեց, որ ինքն այն մարդը չէ, ով պետք է որոշի Բիբինը մնա, թե հեռանա: «Ինձ հետաքրքրում է միայն դեպարտամենտի աշխատակիցների աշխատանքը»,- հավելեց նա:
Մենք պարոն Ասկարյանին հիշեցրինք, որ օրեր առաջ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ Բիբինը հնարավոր է մինչև մարտ ամիս հեռանա, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Ես պատկերացում չունեմ՝ ով է նման բան ասել»:







































