«Չելսի»-ն ու «Բազել»-ը պաշտոնապես համաձայնության են եկել շվեյցարական ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալայի տեղափոխության շուրջ, հաղորդում է «ազնվականներ»-ի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը կմիանա լոնդոնյան ակումբին, երբ համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը և անցնի բուժզննում:
Հիշեցնենք, որ երիտասարդ եգիպտացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր նաև «Լիվերպուլ»-ը:
Պետք է ընդգծել, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում Սալան 2 անգամ գրավել է «Չելսի»-ի դարպասը, և 2 դեպքերում էլ այդ գոլերը հաղթանակ են պարգևել շվեյցարական թիմին:
Ֆուտբոլիստը Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:










































