Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում կհավաքվեն մոտ 40 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԱՊԼ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:
«Ժնև-2»-ի առաջին օրը նախատեսված են այդ 40 երկրների արտգործնախարարների ու պաշտոնական անձանց ելույթները: Որպես ընդունող կողմ՝ ֆորումը կբացի Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրքահալթերը: Այնուհետև ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ապա ամբիոն կբարձրանան Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները:
Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր, որը 3 տարվա ընթացքում վերածվել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, հակամարտող կողմերը առաջին անգամ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցությունները կսկսեն ուրբաթ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Ֆարհան Հաքին:
Նրա խոսքերով՝ բանակցությունները տեղի կունենան ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի միջնորդությամբ:









































