Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանի կարծիքով` Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ավելի մեծ ճանաչման էր արժանի` հաշվի առնելով 2013 թվականի արդյունքները:
Հիշեցնենք` տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Քվեարկության արդյունքներով` Ռիբերին զիջել է ոչ միայն Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին, այլ նաև «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին:
«Մենք չենք պատրաստվում աղմուկ բարձրացնել, սակայն միանշանակ Ռիբերին ավելիին էր արժանի: Ասում եմ դա` հաշվի առնելով Ֆրանկի ելույթները 2013 թվականի ընթացքում: Նա բացառիկ խաղ էր ցուցադրում: Որոշիչ դարձավ Քրիշտիանուի հեղինակած գոլերի քանակը:
Լավագույն խաղացողը որոշվում է երեք չափանիշներով` թիմային հաջողություններ, իմիջ և անհատական խաղ: Առաջիկայում անհրաժեշտ կլինի հաշվի առնել դա»,- Marca-ն մեջբերում է 1998 թվականի չեմպիոնի խոսքերը:







































