Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Վխկրյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 31-ամյա Կարեն Վխկրյանը 2013 թվականի փետրվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում է վարել իր «ԲՄՎ 525» ավտոմեքենան:
Գյումրիի Գորկու անվան զբոսայգու կողմից նա ընթացել է Անի թաղամասի ուղղությամբ: Տեխնիկական տեսակետից, համաձայն դատական ակտի, Վխկրյանը ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Հաշվի չառնելով ճանապարհային պայմանները, մասնավորապես՝ ճանապարհի ծածկույթի վիճակը, իրականացրել է մեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում:
Արդյունքում Շիրակացի փողոցի 65 «ա» շենքի դիմաց մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմասի հարակից մայթ ու մայթի վրա վրաերթի ենթարկել հետիոտն ամուսիններին՝ Թերեզա և Նաիրի Ուղուրլյաններին, ապա բախվել է ճանապարհին կայանված «Մերսեդեսին», վերջինս էլ բախվել է անվադողերի նորոգման կետին:
Վթարից հետո Կարեն Վխկրյանն իջել է մեքենայից, դիմել փախուստի՝ լքելով դեպքի վայրը, իսկ երեք-չորս ժամ անց ներկայացել է ոստիկանություն ու հաղորդում տվել իր կատարածի վերաբերյալ:
Վրաերթի ենթարկված ամուսիններին դեպքի ականատեսների անմիջական օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից փետրվարի 21-ին Թերեզան մահացել է:
Նրա ամուսնու՝ Պերճ Ուղուրլյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով մեղադրվող Կարեն Վխկրյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը մեքենան վարել է 50 կմ/ժ արագությամբ: Եղել է սթափ վիճակում:
Անհայտ պետհամարանիշի մի մեքենա անսպասելի մտել է իր երթևեկելի գոտի, և ինքը բախումից խուսափելու համար աջ կողմ է ընթացել:
Երբ վտանգն անցած է համարել, մեքենան կտրուկ թեքել է դեպի ձախ: Քանի որ գետինը սառած է եղել, ավտոմեքենան սահել է, կորցրել կառավարումը, դուրս եկել հանդիպակաց մայթ: Ավտոմեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, ապա բախվել կայանված «Մերսեդեսին»:
Ինքն իջել է մեքենայից, տեսել գետնին ընկած տուժողներին:
Անմիջապես բազմություն է հավաքվել:
Ինքը վախեցել է, դեպքի վայրից քիչ հեռացել ու կանգնել է, որ զանգի շտապօգնություն, բայց նկատելով, որ հավաքված մարդիկ արդեն զանգահարել են, այլևս չի զանգել, քայլելով գնացել է տուն:
Վախը հաղթահարելու համար տանը երեք բաժակ օղի է խմել ու գնացել ոստիկանություն:
Իր կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել մեքենայի ընթացային մասում առաջացած անսարքության ու ճանապարհի սառածության պատճառով:
Կարեն Վխկրյանն իրեն մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 242 հոդվածի միայն 1-ին մասով:
Նա հայտնել է, թե իր հարազատները տուժողի իրավահաջորդին օգնություն են առաջարկել, բայց վերջինս առաջարկված գումարից հրաժարվել ու չորսուկես միլիոն դրամից ավելի փոխհատուցում է պահանջել, որը վճարելու հնարավորություն ինքը չի ունեցել:
Տուժող Պերճ Ուղուրլյանը հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 19-ի սահմաններում ինքն ու կինը մայթով քայլել են դեպի Անանիա Շիրակացու արձանը: Հանկարծ տեսել են, որ մի մեքենա ուղիղ իրենց վրա է ընթանում…
Վրաերթի հետևանքով տուժողը կորցրել է կնոջը, չորսամյա երեխան մնացել է անմայր:
Տուժողը չի հաշտվել Վխկրյանի հետ, պահանջել է, որ նա քրեական պատասխանատվության ու իրական պատժի ենթարկվի:
Տուժողի իրավահաջորդը՝ Թերեզայի հայրը, ներկայացրել է իր նյութական պահանջը, որը կազմել է 4 միլիոն 667 հազար դրամ, ինչպես նաև պահանջել է, որ Վխկրյանը որբ մնացած երեխային մինչև նրա չափահաս դառնալը ամսական վճարի 50 հազար դրամ:
Վնասված «Մերսեդեսի» վարորդը հայտնել է, որ Կարեն Վխկրյանը, իր մեքենային բախվելով, իրեն պատճառել է 3 միլիոն դրամի վնաս, որից հատուցել է 950 հազար դրամը, մնացած մասով իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, այնպես որ ինքը գույքային պահանջ չի ներկայացնում:
84 հազար դրամի գույքային պահանջ է ներկայացրել անվադողերի նորոգման կետի սեփականատերը:
Ընդհանուր իրավասության դատարանն անարժանահավատ է գնահատել ամբաստանյալի ցուցմունքը՝ հիմնավորված համարելով նրան առաջադրված մեղադրանքները:
Դատարանը հաշվի է առել, որ Վխկրյանի խնամքին են ութամյա երկու երեխաները:
Դատարանն արձանագրել է, որ համաներման ակտը տվյալ դեպքում կիրառելի չէ, որովհետև գույքային վնասը հատուցված չէ, առկա է վեճ՝ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի վերաբերյալ:
Դատարանը Կարեն Վխկրյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և դատապարտել 2 տարի 3 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը բավարարել է մասնակիորեն՝ մեկ միլիոն դրամի չափով, իսկ մնացած մասով քաղհայցը թողել է առանց քննության՝ հայցվորին քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու իրավունք վերապահելով:









































