Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ցուցաբերած ակտիվությունը ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում քննարկումների մեծ տեղիք է տվել:
Ե՛վ այստեղ, և՛ Ղարաբաղում շատերը կարծում են, որ սա ընդամենը ներիշխանական գզվռտոց է, և որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև իրականում հակադրություն չկա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկներ Մխիթար Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանն ասացին, որ երբեք Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Արցախի նախագահի, ձայն չեն տվել: Երկուսն էլ ընդգծեցին, որ երբեք նրա հանդեպ վստահություն չեն ունեցել և, ըստ էության, չեն էլ սխալվել:
Մխիթար Ավետիսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույն խմբավորումից են, և նրանց միջև էական տարբերություն չկա․ «Նրանք այն սկզբից էլ ՀՀՇ-ից էին և հիմա էլ խաղ են խաղում, և ես չեմ կարծում, թե ժողովուրդը կհավատա, որ նախկին և ներկա նախագահների միջև էական տարբերություն կա»:
Միևնույն ժամանակ Ավետիսյանը նշեց, որ ամեն դեպքում հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի և նրանց միջև տարաձայնություն կա՝ հետաքրքրությունները փոխվել են․ «Հիմա գուցե ինչ-որ չափով միմյանցից տարբերվում են, բայց իրենք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ առաջ գնացին»։
Անդրադառնալով Քոչարյանի կառավարման տարիներին այստեղ և Ղարաբաղում՝ մեր զրուցակիցն ասաց․ «Երբ նա Արցախի նախագահ էր դառնում, ես նրան ձայն չտվեցի: Երբեք նրա կողմնակիցը չեմ եղել, որովհետև հենց սկզբից էլ երևում է, որ Հայաստանի իշխանությունների, կոնկրետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն է: Նրա ներկայացուցիչներն են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ նրանք կառավարվում են ՀՀՇ-ի կողմից: Պատերազմի ժամանակ էլ փորձում էին իրենց շահերը, իրենց անձնական ամբիցիաներն առաջ տանել և դրանով խանգարում էին թե՛ պատերազմական գործողություններին, թե՛ ներքին կայունությանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ վերջին շրջանում ցուցաբերած քաղաքական ակտիվությանը, ազատամարտիկն ասաց, որ նա և գործող նախագահն ինչ-որ պայմանավորվածություն ունեն, որ եթե տարբերակ լինի, և ներկայիս նախագահը չկարողանա մնալ այդ պաշտոնին, Քոչարյանը գա փոխարինման՝ սկզբում որպես վարչապետ, հետո՝ նախագահ: «Կարծում եմ՝ պայմանավորվածություն կա, նրանք երբեք թշնամիներ չեն եղել»,- պնդեց Մխիթար Ավետիսյանը:
Խոսելով Քոչարյանի կառավարման տարիների և մամուլի կողմից «արյունոտ տասնամյակ» ստացած բնորոշման մասին՝ մեր զրուցակիցն ասաց․ «Չեմ կարծում, որ «արյունոտ տարիներ» կարելի է ասել. անընդհատ արյան մեջ չի եղել, ձեռքբերումներ եղել են, շինարարության հաշվին տնտեսությունն աճում էր, ճիշտ է՝ փուչիկների հաշվին, բայց, ըստ իս, գոնե կայուն վիճակ էր, արտագաղթն այսքան մեծ չէր: Իհարկե, եղել են դեպքեր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև նախկին նախագահի օրոք, երբ սպանությունները չեն բացահայտվել՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Դրանք անընդհատ մամուլում շրջանառվում են, բայց այդպես էլ մնում են չբացահայտված: Դրա հետ էլ կապվում է Մարտի մեկը, որի կազմակերպիչը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն էր»:
Ազատամարտիկ Արթուր Խաչատրյանն էլ, համեմատելով ներկա և նախկին նախագահների կառավարման տարիները, նշեց, որ թեպետ այն ժամանակ արտագաղթն այսքան սարսափելի տեմպեր չի ունեցել, այնուամենայնիվ, նրանց միջև որևէ տարբերություն չկա․ «Ներկայումս Հայաստանում իշխանությունները հիմնված են օլիգարխիայի վրա, ժողովուրդն էլ պետք է ճիշտ քաղակքանություն վարի այդ օլիգարխիայից ձերբազատվելու համար»:
Նրա խոսքով՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին օլիգարխիան օգնել է ընտրությունների ժամանակ, նրանց էլ պարտավորվել են պահել. «Ռոբերտ Քոչարյանը, ըստ իս, քաղաքականություն վերադառնալու խնդիր չունի՝ ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ, որովհետև հասարակությունն այսպիսի մտածելակերպ ունի՝ այս նախագահի ժամանակ վատ է, նախորդի ժամանակ ավելի լավ էր, բայց, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը գոնե վերջերս չի արյունոտվել»:
Մեր այն դիտարկմանը, թե հասարակությունն էլ Ռոբերտ Քոչարյանին հենց այդ արյունոտ տարիներով են հիշում, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հասարակությունը պետք է ճիշտ ընթացք տա՝ ընդունի կամ ոչ, և հասարակությունն էլ ավելի հարմար է համարում գնալ օլիգարխիայի և ոչ արդար, ազնիվ մարդկանց կողմը:
Համենայնդեպս, ես երբեք Ռոբերտ Քոչարյանին չեմ վստահել և նրան ձայն չեմ տվել»,- եզրափակեց նա:









































