Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը դեռ չսկսված՝ կողմերն արդեն հակամարտության մեջ են: Ամեն ինչ սկսվեց երեկվանից, երբ պետք է կայանար գործով առաջին դատական նիստը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ առաջին նիստը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները դատարանին հայտնել էին, որ իրենք Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի են ենթարկվել և չեն կարող ներկայանալ դատական նիստին:
Լյուքս Ստեփանյանի հարազատներին, սակայն, այդ հիմնավորումն արժանահավատ չէր թվացել, ինչն էլ երեկ դատարանում վիճաբանության պատճառ էր դարձել, և դրանից հետո մահացած զինվորի հայրը փորձել էր ինքնասպան լինել: Կատարվածին էլ արձագանքել էր մեղադրվող կողմի պաշտպան Վաղինակ Գրիգորյանը՝ ասելով, որ հայրը շահարկում է ողբերգությունը: Այս հանգամանքը է՛լ ավելի է թեժացրել առանց այդ էլ լարված վիճակը:
Վաղինակ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ հրաժարվեց պարզաբանել՝ իրականում ավտովթար եղել է, թե ոչ: Նա նախ ասաց, որ մեքենան ճանապարհին խափանվել էր, հետո էլ, թե իր «առաջը ուրիշ մեքենա է կտրել», և ինքը բախվել է պատին:
«Ես գնացել եմ դատի, բայց տեղ չեմ հասել. մեքենան խափանվել էր: Հիմա, եթե իրենք մտածում են, որ դիտավորյալ եմ արել, դա արդեն իրենց գործն է: Ամեն մարդ իր արժանիքների չափով է դիմացինին գնահատում: Ավել բան չեմ կարող ասել: Եթե իրենք այդպես են մտածում, թող մտածեն: Դա իրենց իրավունքն է: Ամեն մարդ կարծիք ունենալու իրավունքն ունի»,- ասաց Վաղինակ Գևորգյանը:
Մեր դիտարկմանը, թե իրենց՝ պաշտպանների պատճառով է նիստը հետաձգվել, տուժող կողմը իրավունք չունի՞ իրականությունն իմանալ, թե ինչու է իրենց որդու սպանության գործով նիստը հետաձգվում, և արդյոք բերված փաստարկներն արժանահավա՞տ են, Գևորգյանն արձագանքեց. «Ես որևէ մեկի կարծիքի վերաբերյալ պարզաբանում չունեմ տալու: Ես ասում եմ՝ ճանապարհով եկել եմ, առաջս կտրել են, խփել եմ պատին: Ես այդ վիճակով չէի կարող գնալ կակոյ նիբուձ դատական նիստի»:
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությունը ևս Երևան-Սևան ավտոճանապարհին հունվարի 15-ին ավտովթարի դեպք չի արձանագրել:









































