Պարզվում է` օդից գումար վաստակելը միանգամայն իրական է: Այսպես` օդ «պարունակող» տարաներ վաճառելով՝ ուսանողը 20 հազար դոլարով հարստացել է: Այս մասին գրում է Mail Online-ը:
22-ամյա Անտուան Դեբալին, ով բնակվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Մոնքյուք քաղաքում, «Մոնքյուքի օդ» է վաճառել: Ապակյա տարաներով «թարմ օդը կարելի» է ձեռք բերել մոտ ութ դոլարով:
Բիզնեսը սկսվել է որպես կատակ, սակայն առաջին հազար դոլարը վաստակելուց հետո Անտուանը կայք է ստեղծել և յուրօրինակ փաթեթավորում մշակել:
20 հազար դոլար Անտուանը վաստակել է վեց ամսում: «Պահածոյացված» օդին «հմայք է հաղորդում» այն փաստը, որ քաղաքի անունը, որտեղ դրանք արտադրվում են, հնչում է նույն կերպ, ինչպես ֆրանսերեն «իմ հետույքը» բառակապակցությունը:
Այժմ արդեն «Մոնքյուքի օդ» գնում են Կանադայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների բնակիչներ:












































