Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է հրապարակել, որը վարչապետի հետ նրա տարեվերջյան «բանավեճի» շարունակությունն է: Շարունակության մեջ միանգամից աչքի է զարնում «մոսկաների» բացակայությունը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը, այսպես ասած, առաջին հայտարարությունից հետո նման ձևակերպումների էֆեկտը՝ համակարգային արձագանքների տեսքով, չի զգացել և այս իսկ պատճառով հրաժարվել է նման ոճաբանությունից՝ փորձելով տեղավորվել, այսպես ասած, մասնագիտական կոմպետենտության շրջանակներում:
Այստեղ, իհարկե, մեղմ ասած, դժվար է չամաձայնել Քոչարյանի գնահատականներին, որ նա տալիս է ներկայումս տիրող տնտեսական իրավիճակին և կայացվող որոշումներին: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ շատ դժվար է գտնել կառավարության տնտեսական քաղաքականության քիչ թե շատ դրական արդյունքներ, էլ չասած այն մասին, որ վերջին տարիներին արտագաղթի տեմպերի շեշտակի աճը ուղղակիորեն անիմաստ է դարձնում որևէ այլ ցուցանիշների վրա ուշադրություն դարձնելը: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին, որոնց վերաբերյալ արտահայտվել է Ռոբերտ Քոչարյանը, ապա այստեղ, իհարկե, նախևառաջ աչքի է զարնում այն, որ նա ըստ էության պատասխանել է այն հարցերին, որոնք նրա առաջին հայտարարությանը հնչեցրած պատասխանում բարձրացրել էր Տիգրան Սարգսյանը: Սակայն, կա հատկանշական մի բաց. Ռոբերտ Քոչարյանը չի արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրի վերաբերյալ, չի տալիս այս իրողությանը իր գնահատականը: Մինչդեռ սա, ըստ էության, առանցքային է առկա իրավիճակում, և շատ հարցեր, ըստ էության, ՄՄ-ին անդամակցելու մասին Հայաստանի որոշումից բխող իրողություններ են:
Եվ այս ամենից բացի, ի վերջո, կա ամենակարևոր խնդիրը, որն ամենանշանակալիցն է հասարակության և պետության ապագայի տեսանկյունից: Դա այն է, որ ներկայիս իշխանությունների խայտառակ ձախողումների ֆոնին ինքնաբերաբար դրական ենթատեքստում է դրսևորվում այն, ինչ եղել է մինչև 2008 թվականը: Իսկ սա արդեն հասարակությանը սպառնում է մեծ մոլորությամբ, այնպես, ինչպես նույն մոլորությամբ է սպառնում նաև այսօրվա խնդիրների պատճառները մինչև 2008 թվականը եղած իրավիճակի վրա գցելու ներկայիս իշխանությունների փորձը: Ի վերջո, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մինչև 2008 թվականը եղել են մեկ օրգանական իշխանություն, և, կարծեք թե, մեկը մյուսին ոչ մի դիտողություն կամ դժգոհություն չեն նեկայացրել, իսկ 2008 էլ երկիրը մտցրել են համատեղ՝ Մարտի 1-ով: Եվ այսօր, երբ նրանք փոխադարձ գնահատականներ են հնչեցնում, ապա հասարակության հանդեպ ավելի «ազնիվ» կլինի, որ հնչեցնեն, այսպես ասած, առավելագույն ամբողջականությամբ և սպառիչ պատասխաններ տան և՛ այսօր առկա խայտառակ վիճակի համար, և՛ այն իրավիճակի համար, որը հանգեցրել է այսօրվան, քանի որ, ըստ էության, այսօրվա իշխանության հիմքերը դրվել են 2008 թվականից առաջ: Վերջին հաշվով, հասարակությունը հենց այդ իրողություններից ելնելով էր, որ 2008 թվականի ընտրություններում մերժել էր իշխող համակարգը և դեպի անդունդ երկրի հետագա գահավիժումը կանխելու, այսօրվա իրավիճակից խուսափելու համար էր, որ դուրս էր եկել փողոց և տասը օր շարունակ անկոտրում և հետևողականորեն պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ: Նույնիսկ երբ Մոսկվա կատարած Ռոբերտ Քոչարյանի այցից հետո իշխանությունները ուժով ցրեցին քաղաքացիներին Ազատության հրապարակից, իսկ նույն երեկոյան գնդակահարեցին քաղաքացիներին Երևանի կենտրոնում:









































