Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է սկսվեր Դավիթ Ասատրյանի և Գայանե Պապիկյանի գործի դատավարությունը:
24-ամյա Դավիթը և 20-ամյա Գայանեն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են եղել: Ծնվել է նրանց համատեղ երեխան:
Եվ ահա, ըստ առաջադրված մեղադրանքի՝ Դավիթը գողություններ կատարելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության է եկել Գայանեի հետ:
Նրանք տուժողների տներն են մտել բացահայտ, բայց կատարել են գույքի գաղտնի հափշտակություններ:
Բանն այն է, որ փաստական ամուսինները գողության են գնացել իրենց նորածին երեխայի հետ:
Տարբեր պատրվակներով այցելել են տարեց կանանց, ովքեր, բնականաբար, անտարբեր չէին կարող մնալ փոքրիկ երեխայի նկատմամբ: Ու մինչ տարիքն առած տանտիկինները գորովալից սիրել են մայրական գրկում գտնվող բալիկին, հայրիկը հափշտակել է այդ տանտիկինների հոգեպահուստ գումարները՝ 20, 30, 40 հազար դրամ ու այդ կարգի այլ գումարներ՝ թոշակային խնայողություններ:
Մասնավորապես՝ 2013 թվականի մայիսի 15-ին, ժամը 16-ի սահմաններում Դավիթն ու Գայանեն իրենց երեխայի հետ, անձրևից պաշտպանվելու պատրվակով և «երեխայի ներկայությունը որպես վստահության երաշխիք օգտագործելով», խաբեությամբ մուտք են գործել Պուշկինի փողոցի բնակչուհի Ա. Ա.-ի բնակարան, որտեղ Գայանեն երեխայի հետ շեղել է տանտիրուհու ուշադրությունը, իսկ Դավիթը հյուրասենյակի բազմոցի ծածկոցի տակից հափշտակել է 40 հազար դրամ: Ապա երիտասարդ ընտանիքը հապճեպ հեռացել է տուժողի տնից:
Դավիթին ու Գայանեին մեղսագրված է նմանատիպ գողության ևս տասնմեկ դրվագ…
Նրանց այցելությունից հետո իրենց գումարներից, ըստ մեղադրանքի, զրկվել են տիկիններ Լիլիկը, Սիրանուշը, Արգենիկը, Արևիկը, Լուսաբերը, Արսենուհին, Սեդան, Ռոզան և այլք…
Դավիթ Ասատրյանին և Գայանե Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել գողությունների ու խարդախությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 և 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:
Դավիթն ու Գայանեն երկուսն էլ կալանքի տակ են՝ չնայած այն բանին, որ Գայանեն շատ փոքրիկ երեխայի մայր է ու հիմա էլ գտնվում է ակնհայտ հղի վիճակում…
Տատիկները դատարան էին բերել Գայանեի ու Դավիթի փոքրիկին, ով, ըստ մեղադրանքի, փաստորեն խայծի դեր էր կատարել բազմադրվագ հանցագործությունների կատարման ժամանակ:
Երեխային մի պահ գիրկն առնելով՝ Գայանեն արտասվեց, Դավիթը ժպտաց, իսկ երեխան լաց եղավ, որովհետև տատիկի գրկին էր սովոր ու շատ էր փոքրիկ՝ որոշ ժամանակ բացակայած ծնողներին անմիջապես ճանաչելու համար:
Ամբաստանյալների դիրքորոշումը պարզ չեղավ, որովհետև մեղադրողը, ինչպես նաև տուժած տատիկները չէին ներկայացել, ու դատավարությունը չսկսվեց, դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 20-ը:









































