Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ չի պատրաստվում երկրի զինված ուժերն օգտագործել բնակչության դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Տլատելոլկոյում երիտասարդության գնդակահարության 50-րդ տարելիցից 3 օր առաջ ես խոստանում եմ երբեք չօգտագործել բանակը Մեքսիկայի ժողովրդի դեմ»,- ասել է Լոպեսը:
Քաղաքական գործիչը նաև հաստատել է ազգային գվարդիա ստեղծելու ծրագրերը այս պահին գործող բանակի ստորաբաժանումների, ոստիկանության և ծովային հետևակի բազայի վրա:
Հիշեցնենք, որ 1968-ի աշնանը Մեխիկոյի հրապարակներից մեկում ոստիկանությունը և հատուկ ծառայությունների գործակալությունը գնդակահարել են ցուցարար ուսանողներին: Պաշտոնական տվյալներով՝ մահացել է 30 մարդ: Տեղի ունեցածը պատմության մեջ մտել է որպես «Տլատելոլկոյի սպանդ»:









































