Կառավարության նիստի ընթացքում այսօր արձանագրվել է բավական հետաքրքրական և աննախադեպ մի իրողություն: Երբ քննարկվել է ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած օրինագիծը՝ հեռուստաեթերում թունդ ալկոհոլի գովազդի արգելման մասին, առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, թե պետք չէ միանգամից մերժել, այլ հարկավոր է գտնել փոխհամաձանեցման ուղիներ, քանի որ վատ նախադեպ է, երբ իրենց կուսակից ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը մերժվում է:
Ալկոհոլը՝ մի կողմ, իսկ քաղաքականության ու նաև, իհարկե, առաջին հերթին տրամաբանության տեսանկյունից սա չափազանց հետաքրքրական դրվագ է: Նախ՝ իհարկե, տրամաբանության մասով:
Փաստորեն, Տիգրան Սարգսյանը առաջնորդվում է, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «ոհմակային կուսակցության» տրամաբանությամբ՝ եթե նախաձեռնությունը ներկայացնողները կուսակիցներն են, ապա չի կարելի դա միանշանակ մերժել: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հետադիմականության ցցուն դրսևորում, ինչը վկայում է այն մասին, որ մոդեռնիզացիայի դրոշակակիր ներկայացող Տիգրան Սարգսյանն իրականում կուսակցապետական մտածելակերպ կրող գործիչ է: Կամ նա փորձում է այսօր ներկայանալ այդպիսին, քանի որ ունի դրա կարիքը:
Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետական աթոռը կրկին հայտնվել է ներիշխանական հակասությունների սուր ծայրում, նա փոխհրաձգության մեջ է Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ-ի հետ: Եվ այս ամենին անմասն չէ ՀՀԿ-ն, քանի որ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում էլ կա մի ստվար հատված, կորիզ, որն այնքան էլ չի տանում Տիգրան Սարգսյանին և միգուցե նույնիսկ ավելի, քան Քոչարյանը կամ ԲՀԿ-ն:
Այս իրավիճակում, երբ Տիգրան Սարգսյանը սուր առճակատման մեջ է ԲՀԿ-ի ու երկրորդ նախագահ Քոչարյանի հետ, նրա համար կենսական անհրաժեշտություն է դառնում գոնե ՀՀԿ-ի ներսում երրորդ ճակատից խուսափելը, ինչպես նաև թույլ չտալը, որ ՀՀԿ-ի կորիզը միանա Քոչարյան-ԲՀԿ տանդեմին և բացահայտ կամ թաքուն աջակցություն ցուցաբերի Տիգրան Սարգսյանի դեմ պայքարին: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտնի հայտարարություններում ակնհայտ մեսիջներ կային՝ ուղղված ՀՀԿ-ին:
Նման պայմաններում Տիգրան Սարգսյանի համար ՀՀԿ-ին սիրաշահելը դառնում է անհրաժեշտություն, և շատ հավանական է, որ նա հենց այդ նպատակից ելնելով էլ հայտարարել է, որ ՀՀԿ-ականներին մերժել չի կարելի: Կամ էլ Տիգրան Սարգսյանը փորձում է ՀՀԿ-ի գոնե մի մասին սիրաշահել և կուսակցության ներսում իր համար դիրքեր կառուցել կամ ամրացնել՝ ներիշխանական սրվող մարտերի համար:
Միևնույն ժամանակ ի վերջո փաստ է նաև այն, որ ՀՀԿ-ականների օրինագիծը կառավարությունն, այնուամենայնիվ, հավանության չի արժանացնում, այլ թողնում է օդում կախված: Այս իմաստով էլ Տիգրան Սարգսյանը երևի թե նրբորեն նաև ատամ է ցույց տալիս՝ հասկացնելով, որ իր դիրքորոշումը բավական որոշիչ է և կարող է իրեն թույլ տալ նաև դիմադրել ՀՀԿ նախաձեռնություններին, եթե երեք կողմից իրեն անկյուն քշեն:
Իսկ հարցը, իհարկե, երկրորդականներից չէ, քանի որ վերաբերում է հեռուստագովազդին և շատ սպառվող ապրանքներից մեկին՝ օղուն, այսինքն՝ հարցը վերաբերում է զգալի գումարներին: Իսկ ֆինանսները Հայաստանի իշխանական համակարգի հիմնասյուներից են:
Ամեն դեպքում՝ ներիշխանական պայքարը նոր երանգավորումներ է ստանում, և, ամենայն հավանականությամբ, կողմերը պատրաստվում են փետրվար-մարտին, երբ քննության է դրվելու կառավարության գործունեությունը՝ իր ցուցանիշներով:








































