ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախապես վստահ չէր Աֆղանստանում իր վարած ռազմավարության ճիշտ լինելու մեջ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի հուշագրություններին:
Գեյթսը խոստովանել է, որ դեռևս 2010-ի սկզբին «նախագահը չէր հավատում իր սեփական ռազմավարությանը և ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը չէր քննարկում: Նրա համար ամեն ինչ կապված էր զորքերի դուրսբերման հետ»,- խոստովանել է Պենտագոնի նախկին ղեկավարը իր «Ծառայություն. նախարարի հուշերը պատերազմի ժամանակ» գրքում, որը պետք է հրապարակվի հունվարի 14-ին:
Այդ գործընթացում, հեղինակի կարծիքով, իր դերն է խաղացել Օբամայի շրջապատը: Գեյթսն ի գրքում խոսում է նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ ռազմական հրամանատարների դեմ վարած «ստոր պատերազմի» մասին, իսկ այդ ժամանակ նախագահի՝ ազգային անվտանգության գծով տեղակալ Թոմաս Դոնիլոնը և գեներալ-լեյտենանտ Դուգլաս Լյութը բնութագրվում են որպես «ագրեսիվ, կասկածելի, ժամանակ առ ժամանակ նվաստացուցիչ ռազմական հարցաքննություններին» մասնակցող մարդիկ:
Ինչ վերաբերում է օրենսդիրներին, ապա նրանց գործունեությունը Գեյթսը համարում է «իսկապես սարսափելի»:
Նախագահ Օբաման, սակայն, համաձայն չէ վերոնշյալ գնահատականների հետ:
«Նախագահը շատ շնորհակալ է Ռոբերտ Գեյթսին պաշտպանության նախարար աշխատելու և մեր երկրին ծառայելու համար: Աֆղանստանում մեր քաղաքականության քննարկումների վերաբերյալ հաղորդվել է շատ տարիներ, և լավ հայտնի է, որ պետության ղեկավարի նպատակը «Ալ-Քաիդա»-ի ոչնչացումն է և ռազմական գործողությունների դադարեցումը»,- հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը:
Նշվում է նաև, որ Օբաման հատկապես համաձայն չէ «Իրաքում պատերազմի դադարեցման ջանքերին» տրված գնահատականների հետ:









































