Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել` կապված պորտուգալացի լեգենդար հարձակվող Էյսեբիոյի մահվան փաստի հետ: Վերջինս կյանքին հրաժեշտ է տվել կյանքի 72-րդ տարում` հունվարի 4 լույս 5-ի գիշերը` սրտի նոպայի արդյունքում:
Էյսեբիոն անուն է վաստակել «Բենֆիկա»-ի ու Պորտուգալիայի հավաքականի կազմում իր ելույթներով` վերջինիս 1966 թվականի Աշխարհի առաջնությունում օգնելով հասնել մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ: Նա Պորտուգալիայի ընտրանու կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 64 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ:
Անգլիայում անցկացված 1966 թվականի Աշխարհի առաջնությունում լեգենդար ֆուտբոլիստը դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու` իր հաշվին գրանցելով 9 գնդակ: Էյսեբիոն 1965-ին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ 1968-ին ու 1973-ին` նվաճել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:






































