«Ռոբերտ Քոչարյանը միշտ թքած է ունեցել օրենքների և Սահմանադրության վրա, և դրանով նա սկիզբ է դրել ապօրինությանը: Նա հանգամանքների բերումով 10 տարի ղեկավարել է ՀՀ-ն՝ նախագահի կարգավիճակով, բայց այդպես էլ չի հասկացել՝ ինչ է ժողովրդավարությունը, և նա ղեկավարել է այնպես, ինչպես կղեկավարեր Կոմունիստական կուսակցության շրջխորհրդի քարտուղարը: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի համակիր, Մարտի 1-ի գործով ազատազրկված քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռ. Քոչարյանն արդեն քաղաքական կշիռ ունեցող գործիչ է, և չի բացառվում, որ նա քաղաքական հայտ ներկայացնի և դառնա քաղաքական բանդաների պարագլուխը:
«Նոր Հայաստանում մենք թևակոխել ենք մի շրջան, երբ Գործադիր իշխանության ղեկավարը ժողովրդի ճնշմամբ ընտրվել է մի Ազգային ժողովի կողմից, որտեղ ինքը ընդդիմադիր փոքրամասնության ներկայացուցիչ էր, և անմիջապես ձեռնամուխ է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն համակարգի կազմաքանդմանը:
Ստեղծվել է մի իրավիճակ, որ դատական իշխանությունն այլևս չի առաջնորդվում քաղաքական հրահանգներով, անկախ է իր գործունեության մեջ և այդ անկախությունից ելնելով՝ սկսել է վերանայել Մարտի 1-ի քրեական գործը: Դեռևս 2008-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Ռ. Քոչարյանին արդարացիորեն մեղադրանք էր առաջադրվել և ընտրվել էր խափանման միջոցը կալանք»,- նշեց Մաթևոսյանը:
«Վերաքննիչ դատարանը, բավարարելով երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների դիմումը, նրան ազատ արձակեց: «Կասկած անգամ չունեմ, որ հանրությունն այս դրվագը հեշտությամբ չի մարսի,- նշեց Դ. Մաթևոսյանը: – Ըստ էության՝ ուրիշ լծակներ չունենք. հավատացած եմ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքը հեղեղելու է հրապարակը, հասարակությունը պետք է իրեն դրսևորի:
Ես կոչ եմ անում հանրությանը աջակցել գործադիր իշխանությանը՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հավատացած եմ, որ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի, և Վճռաբեկ դատարանը հաշվի կնստի ոչ միայն հասարակական կարծիքի հետ. ըստ էության՝ դատական իշխանության մի քանի օղակներ՝ ՀՔԾ-ն, Դատախազությունը, Առաջին ատյանի դատարանը իրավաբանորեն նույն կերպ են դիտարկում այս գործը, իսկ Վերաքննիչ դատարանը կիրառել է անձեռնմխելիության նորմը, որով տուրք են տալիս բռնապետության հաստատման հնարավորությանը»:
«Մեր հասարակությունը համաժողովրդական ալիքով հաղթահարեց իր վախն ու անտարբերությունը, որը 20 տարի բռնապետական ռեժիմը սերմանել էր նրա մեջ, այսօր ժողովուրդը չի հանդուրժի նրանց ռևանշը»,- ընդգծեց Դ.Մաթևոսյանը:
Մանրամասն՝ տեսանյությում:









































