«Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը Հայաստան ներդրումներ ներգրավելու համար»։ «Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է»։
«Խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի և անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում»։
Սրանք հատվածներ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «ՌԻԱ Նովոստի» և «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալություններին տված հարցազրույցից։ Արմեն Սարգսյանը նման պատասխաններ է տալիս այս կամ այն ոլորտին իր դերակատարությանը, իր անելիքներին վերաբերող հարցերին։
Նույն հարցազրույցում նախագահն անդրադառնում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին, խոսում է իր միջազգային կապերի, հնարավորությունների մասին։ Բայց հարցազրույցում կարմիր թելի նման անցնում է խորհրդարանական կառավարման մոդելում նախագահի լիազորությունների սահմանափակ լինելու մասին թեզը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Սարգսյանն անդրադառնում է նախագահի լիազորությունների խնդրին։ Այդ մասին նախագահը խոսել է նաև թավշյա հեղափոխության հաղթանակից հետո՝ ակնարկելով անգամ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, երկրում երկիշխանության մասին։
Դրան հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքն այն մասին, որ երկրում երկիշխանություն չկա, ինչից հետո այդ խնդրին նույն սրությամբ Արմեն Սարգսյանն այլևս չանդրադարձավ։
Ավելին՝ վերջերս ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը ներկայացնելու խնդրի հետ կապված, Արմեն Սարգսյանը հստակ հայտարարեց, որ դա վարչապետի և արտգործանախարարի գերակայությունն է և ինքը կարող է աջակցել միայն իր խորհուրդներով։
Այսինքն՝ գոնե այս պահին Արմեն Սարգսյանի կողմից նախագահի լիազորությունների ավելացման առնվազն սահմանադրական ճանապարհի հարցը փակված է համարվում։
Այդուհանդերձ նկատելի է, որ նախագահի և վարչապետի միջև չի ձևավորվել փոխգործակցության, համագործակցության մթնոլորտ, աշախատակարգ, կոմունիկացիոն համապատասխան դաշտ։
Ավելին՝ տպավորություն է, որ նախագահն ու գործադիր իշխանությունը գործում են միմյանցից միանգամայն անջատ ռեժիմում և այդ առումով կա ոչ թե երկիշխանություն, այլ իշխանության ոչ ամբողջականություն։
Մինդեռ այդ մթնոլորտի, համագործակցային դաշտի առկայության դեպքում Արմեն Սարգսյանի եթե ոչ պաշտոնեական, ապա անձնային, անհատական ռեսուրսները կարող էին չափազանց օգտակար լինել մի շարք ուղղություններով, բայց առաջին հերթին օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում։
Արմեն Սարգսյանն իսկապես լուրջ միջանձնային հարաբերություններ ունի միջազգային բիզնես շրջանակներում, խոշոր, վերպետական բիզնես տիրույթում, որոնք տարբեր ձևաչափերով կարող էին օգտագործվել Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։
Մինչդեռ Արմեն Սարգսյանի նախագահության չորս ամիսներին մենք դեռևս նման ծրարերի, նախագծերի ականատես չենք եղել։ Հասկանալի է՝ հատկապես խոշոր ծրագրերը բավական երկար ժամանակ, բանակցային չերևացող գործընթացներ են պահանջում, ու գուցե Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվող ինչ-ինչ նախագծերի մասին մենք կտեղեկանանք ապագայում։
Սակայն դատելով ընդհանուր մթնոլորտից, նաև Արմեն Սարգսյանի այսօվա հարցազրույցում լիազորությունների սահմանափակության մասին շեշտադրումներից, նա իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման համակարգի հետ ինտեգրվածության խնդիր ունի։
Ի վերջո, անկախ նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակությունից, համապատասխան պայմանների առկայության դեպքում կարող են գտնվել նրա հնարավորությունների իրացման ուղիներ ու եղանակներ՝ չշրջանցելով սահմանադրական արգելքները։
Ըստ ամենայնի, գործադիր իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ պայմանները չեն ապահովվում, ինչի արդյունքում Արմեն Սարգսյանը հայտնվել է որոշակիորեն մեկուսի վիճակում։
Նա փաստորեն իշխանության մեջ է ՝ իշխանություն չունենալով։ Խոսքը տվյալ դեպքում ոչ այնքան իշխանության սահմանադրական բաղադրիչի, որքան դրա գործնական դրսևորումների մասին է։
Թավշյա հեղափոխությունից հետո մամուլում, քաղաքական շրջանակներում տեղեկություններ կային, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է կուսակցություն ստեղծել խորհրդարանական ընտրություններին նոր ուժով մասնակցելու համար։
Այդ խոսակցությունները ըստ էության ո՛չ հերքվեցին, ո՛չ հաստատվեցին, և հայտնի չէ՝ նման գործընթաց կա, թե ոչ։ Իրականում եթե Արմեն Սարգսյանն իսկապես կուսակցություն ստեղծի, նոր քաղաքական իրողությունների պարագայում դա կարող է դրական ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի ամբողջացման, քաղաքական հահակշիռների ներդրման իմաստով։
Քաղաքական ուժի աջակցության պարագայում նախագահի լիազորությունների սահմանադրական սահմանափակումները կարող են ավելի հաղթահարելի դառնալ, ինչը, կոնկրետ Արմեն Սարգսյանի անձի պարագայում, կարող է դրական ազդեցություն ունենալ պետության համար։








































