Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական սահմաններին հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը բավականին ցածր է, սակայն լարված է ռազմաքաղաքական իրավիճակը: «Կուտակումներ կան շփման գոտում, ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ, իսկ Նախիջևանի հետ սահմանին մենք ունենք որոշակի ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից»։ Նրա խոսքերով՝ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, սակայն ոչ սահմանին կոնկրետ խախտումները. «Որովհետև եթե զուտ վիճակագրությամբ նայենք, ապա հրադադարի ռեժիմի խախտումները մեծ չեն»։ Ինչ վերաբերում է սահմանային գոտիներին, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ շփման գոտում կան կուտակումներ, ինչպես եղել է Ապրիլյան պատերազմի օրերին, և Ադրբեջանի մարտավարությունն է, որ դա սովորական դառնա հայկական կողմի համար, որ նկատելու չտան: Ինչ վերաբերում է Նախիջևանի սահմանին, Փաշինյանն ասաց. «Նախիջևանի սահմանին ունենք կուտակումներ, ապակառուցողական գործողություններ են կատարվում Ադրբեջանի կողմից, և մենք բոլոր իրավիճակներում մեր պետության շահերը պետք է պահենք»։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի տեղակալ Դավիթ Բաբայանը նշում է՝ «Հակառակորդը մնացել է նույնը, հայատյաց ու չար նպատակներից չի հրաժարվել։ Այս տրամաբանության ներքո շարունակում է սրել իրավիճակը՝ խախտում է պայմանավորվածություններն ու չի գնում հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ կառուցողական քայլի»։
Բաբայանը շարունակում է. «Այսինքն՝ անում է այն, ինչ միշտ էր անում։ Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք՝ աննորմալ մի երկիր, որտեղ հայատյացությունը դարձել է պետականաշինության հիմքը, ի՞նչ սպասենք նման երկրից։ Որպեսզի կայունությունն ու խաղաղությունը պահպանենք, միշտ պետք է լինենք ուժեղ, մեր բանակն էլ մարտունակ, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը պետք է պահպանվի, ուրիշ բանաձև չկա»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համաձայնում է վարչապետի այն կարծիքին, որ Ալիևը ներքին խնդիրներ ունի և մտահոգություն ունի, որ այնտեղ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ու հիմա ժողովրդի ուշադրությունը շեղում է այսկերպ. «Միանշանակ։ Ընդհանրապես հակառակորդը միշտ նայում է՝ կապ չունի Ադրբեջանը, թե որևէ այլ պետություն։ Պետք է ուշադիր հետևեն, թե ինչ է կատարվում հակառակորդ երկրի ներսում։ Մտահոգ են, որ նույնը կարող է լինել նաև Ադրբեջանում՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանի հասարակությունը ալիևյան կլանից հոգնել է։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյանջայում, նոր իրավիճակ է ստեղծում, նրանց համար պետության ներկայացուցիչը, առավել ևս ուժայինը՝ կիսաաստված է։ Եթե ոստիկանության երկու գնդապետի են սպանում՝ նոր իրավիճակ է ստեղծում։ Ինչքան էլ Ալիևը փորձի շեղել ուշադրությունը, այնտեղ հեղափոխական տրամադրություն է, հիմա կարող են սադրանքների դիմել ու հայկական կողմը նորից շահարկել»,- եզրափակեց նա։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ այս իրավիճակում հայկական կողմը պետք է այնպես անի, որ պատերազմի սանձազերծման գինը Ադրբեջանի համար դառնա անհաղթահարելի։ «Այդ իմաստով Հայաստանի դիվանագիտությունը ոչ պակաս կարևոր է Զինված ուժերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեհրաբյանը նշում է՝ հայկական կողմը չպետք է հետ կանգնի իր դիրքորոշումից ու նպատակից. «Ադրբեջանի կողմից գործողություններ հնարավոր են ցանկացած պահի, բայց ես չեմ կարծում, որ ներկայումս իրավիճակը կրիտիկական է։ Այնպես չէ, որ Ադրբեջանը լիովին անկաշկանդ է իր գործողություններում։ Դա այդպես չէ, բրյուսելյան հանդիպումներն էլ ցույց տվեցին ու բերեցին նրան, որ նման արարքի քաղաքական գինը բարձրանում է, հանդիպումները ցույց տվեցին, թե որքան բարձր է այդ գինը։ Դրան գումարած՝ Ադրբեջանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել՝ Եվրամիության հետ ևս մեկ փաստաթուղթ ստորագրելով։ Այնպես չէ, որ Ադրբեջանը ինչ ուզի, ոնց ուզի անելու է։ Այնպես չէ, որ հոխորտանքները պարտադիր գործողությունների պետք է վերածվեն։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է գնալ արկածախնդրության։ Չպետք է բացառել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է գնալ արկածախնդիր քայլերի, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից։ Հայաստանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ցանկացած սցենարի»։










































