Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել ՀՖՖ-ի 16-րդ տարեկան ժողովը: Հենց սկզբում կարճ ելույթից հետո ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անսպասելիորեն լքել է ժողովը: Իհարկե, Հայրապետյանի լակոնիկ խոսքը ելույթ անվանելը մեծ շռայլություն կլինի:
«Ֆուտբոլային վայ մասնագետներն ասում էին, որ այսօր տեղի է ունենալու ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ամեն ինչ տեղի է ունենալու ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան:
Ժողովը վարելու լիազորություններս հանձնում եմ Արմեն Մինասյանին: Ես հարգելի պատճառով պետք է գնամ» – ասել է Հայրապետյանը:
Իսկ տարեկան ժողովը նմանվել է հաշվեհարդարի ակտի. «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբները զրկվել են ՀՖՖ անդամությունից:
Ժողովի մասնակից անդամները (24 անդամ) միաձայն կողմ են քվեարկել նշված ակումբների անդամությունից զրկելուն:
Ուշագրավ է, որ «Առաջին լրատվական»-ին թույլ չի տրվել լուսաբանել ժողովի աշխատանքները. մեր օպերատորին պարզապես չեն ընդգրկել Սևան մեկնող լրատվամիջոցների ցանկում:
Սակայն մեզ հաջողվել է իրական պատկեր ստանալ այն ֆարսից, որը տեղի է ունենում Սևանում: Տարեկան ժողովի 47-ից պատվիրակներց Սևան են ժամանել միայն 16-17-ը. Հայրապետյանը քվորումն ապահովել է արհեստականորեն, այսպես կոչված` կողմնակի մարդկանց ներկայությամբ: Միայն այս փաստը բավարար է, որ ժողովն ու նրա ընդունած որոշումները համարվեն ապօրինի:
Պակաս ուշագրավ չէ, այն փաստը, որ Հայրապետյանը կամայականորեն որոշել է ՀՖՖ նախագահի ընտրություններն անցկացնել փետրվարին, երբ ամբողջ ֆուտբոլային հանրությունը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը, իսկ ազգային հավաքականն ու առաջնությունը կանգնած են կրախի առջև:
Նույնիսկ նոր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը բացահայտորեն թքած ունի օրինականության, դեմոկրատիայի և հրապարակայնության վրա` ֆուտբոլային օլիգարխի կարգավիճակում կազմելով լրատվամիջոցների և լրագրողների «սև ցուցակներ»:
Սակայն
ամենամեծ զավեշտն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ֆարսին, ապօրինություններին մասնակցել է ՀՖՖ գործկոմի անդամ հանդիսացող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Սա բացասական իմաստով հատուկ նշանակություն է հաղորդում այսօրվա հավաքին, Ռուբեն Հայրապետյանի բեսպրեդելին:
ՀՖՖ-ն` այսօր արդեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «քավորությամբ», դարձել է հակահեղափոխական ռևանշի, քրեաօլիգարխիկ բեսպրեդելի լուրջ կենտրոն:
Նման իրավիճակում դժվար է կանխատեսել, որ ՀՖՖ-ի շուրջ խնդիրը կարող է հանգուցալուծվել առանց հասարակության, ֆուտբոլասերների ակտիվ միջամտության:









































