«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԻՄ ներկայացուցիչների հրաժարականների «շքերթ է», նշեց. «Թիմային պատկանելության խնդիր կա, մարդիկ, որոնք նախկին թիմի հետ են եկել, ունեցել են այլ ծրագրեր, աշխատել են այն ռեժիմով և այժմ չեն պատրաստվում աշխատել նոր իշխանությունների հետ. սա կարող է լինել հրաժարականի պատճառներից մեկը: Երկրորդ՝ ես չեմ բացառում, որ մարդիկ կան, որ տեսնելով վերջին օրերի բացահայտումները՝ որոշում են շուտափույթ հրաժարական տալ, որ հերթին իրենց չհասնի: Ես վստահեցնում եմ, որ մենք չենք գնում և ՏԻՄ ղեկավարներին ասում՝ հրաժարական տվեք»:
Անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ Ա. Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի հարցը այդքան պարզ ու զուլալ չէ, ինչպես հաճախ մատուցվում է: Նրա խոսքով՝ Ամուլսարի հարցը պղտոր ջուր է, որտեղ հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներ կարող են լինել: Նա վստահեցրեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, խնդիրն ուսումնասիրման փուլում է, և որպեսզի կայացվի վճիռ, օբյեկտիվորեն պետք է իրավիճակը հասկանալ:
Կարեն Կարապետյանի և Աշոտ Արսենյանի՝ ՀՀԿ-ն լքելու վերաբերյալ Ա. Միրզոյանը նշեց, որ ՀՀԿ խմաբակցությունից դուրս գալու միտումը դեռ շարունակություն կունենա:
«Արտահերթ ընտրություններով շանտաժ չենք անում»,- ընդգծեց Ա. Միրզոյանը: Ըստ փոխվարչապետի՝ հասարակությունը պահանջում է արտահերթ ընտրություններ: Ա. Միրզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի համար ավելի լավ տարբերակ է 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների տարբերակը: Նրա խոսքով՝ անցողիկ շեմը առաջարկվում է իջեցնել, որպեսզի ավելի փոքր ռեսուրսներով քաղաքական ուժերը հնարավորություն ունենան հայտնվելու ԱԺ-ում: Նրա դիտարկմամբ՝ բարեգործությունը չպետք է լինի հենց նախընտրական շրջանում և չպետք է օգտագործվի որպես գործիք:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե կառավարությունը շտապում է նշանակումների հարցում և երբեմն սխալվում է, Ա. Միրզոյանը նշեց. «Բնականաբար քաղաքական թիմի ներկայացուցիչները պետք է նշանակվեն: Մենք բոլորս ունենք քաղաքական արժեհամակարգ, որի համար տարիներ շարունակ պայքարել ենք, որի համար եղել է հեղափոխություն, և որն իրականացնելու համար ենք նշանակվել… Լողավազանում են լողալ սովորում. վաղ է կառավարության մասին վճիռ կայացնելը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































