Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր սկսվեց Դավիթ Թամրազյանի գործի դատավարությունը:
Վարչական շրջանի անվանումը, դատավորի անունն ու ամբաստանյալի անունը հետաքրքիր զուգադիպությամբ հենց Դավիթ է…
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած» Անուշից (անունը փոխված է), դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Անուշի վարձակալած բնակարանի մոտ, սպասել է նրան: Հանդիպել են, միասին մտել բնակարան:
Դավիթը նախկին մտերմուհուն համբուրել է, պառկեցրել մահճակալին, ասել, իբր անակնկալ նվեր ունի հանձնելու: Նա աղջկան խնդրել է փակել աչքերը:
Երբ աղջիկը նվերի ակնկալիքով փակել է աչքերը, Դավիթ Թամրազյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը՝ անատոմիական բոլոր հյուսվածքներով, և սպանել:
Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Թամրազյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:
Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Այսօրվա նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Դավիթ Բալայանին:
Մինչ դատավորը խորհրդակցական սենյակում էր, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալ Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա պնդում է, թե մեղսագրված արարքներից ոչ մեկն ինքը չի կատարել. ո՛չ կտրել է նախկին մտերմուհու կոկորդը, ո՛չ հրկիզել նրա վարձակալած բնակարանը:
Ամբաստանյալը հայտնել է, թե իրեն ստիպել են մտնել սատանայապաշտների խմբավորման մեջ: Ինքը հարկադրված է եղել մնալ այդ խմբավորման կազմում: Տվյալ սպանությունը, ըստ ամբաստանյալի, կատարել են հենց սատանայապաշտները, մասնավորապես՝ ոմն Խաչիկ: Սպանությունը կատարվել է որպես սատանայապաշտական ծիսակատարություն: Ինքը՝ ամբաստանյալը, իր ասելով՝ չի մասնակցել այդ ծիսակատարությանը:
Սատանայապաշտական ծիսակարգը պահանջում էր, որ «զոհաբերվող» աղջիկը կույս լիներ:
Այս վարկածը որոշակի հարցականներ է առաջացնում: Նախ՝ սպանվածը կույս աղջիկ չէր, նույնիսկ, ըստ գործի տվյալների, «անբարո կյանք էր վարում»:
Երկրորդ, ինչպե՞ս եղավ, որ սատանայապաշտները գտան ու սպանեցին հենց Դավիթի նախկին մտերմուհուն, այն դեպքում, երբ Դավիթն էլ այդ սպանությանն անմասն էր:
Պետք է ասել, որ գործում կան նաև ամբաստանյալի տարօրինակությունների վերաբերյալ վկայություններ: Օրինակ, ըստ մի աղջկա վկայության՝ ինքը Դավիթի հետ գնացել է սրճարան: Երբ քննարկել են, թե աղջիկն ինչ է խմելու, երիտասարդը հանկարծ վերցրել է բաժակը, դանակով կտրել է ձեռքի երակը և արյունը լցնելով բաժակի մեջ՝ որպես ըմպելիք առաջարկել է աղջկան…
Նկատի ունենալով Թամրազյանին մեղսագրվող հանցագործության կատարման եղանակը, գործի տվյալները, պաշտպանության կողմը համոզված է, որ Թամրազյանի նկատմամբ նախաքննական մարմինը պետք է նշանակեր ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն և ավելի հիմնավոր պարզեր նրա հոգեկան առողջությունն ու հոգեվիճակը:
Դատարանը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը՝ այն գնահատելով որպես չհիմնավորված:
Ստուգվեց ամբաստանյալի ինքնությունը: Դավիթ Թամրազյանը կոկիկ արտաքինով, դեմքի պատրաստակամ արտահայտությամբ, երբեմն նույնիսկ ժպտերես երիտասարդ է: Նա աշխատել է «Հին Ջրվեժ» ռեստորանում՝ որպես խոհարարի օգնական:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմի ներկայացմամբ՝ հանցագործությունը բացահայտվել է ոչ միայն Դավիթի և տուժած կնոջ նախկին կապը հաշվի առնելով, այլև նկատի առնելով Դավիթի մասնագիտական հմտությունները՝ մսագործության ասպարեզում:
Դատարանն այսօր հարցաքննեց վկաների, տուժողի իրավահաջորդին ու տուժողին:
Այսօր հարցաքննված վկաները տաքսու վարորդներ էին: Առաջինը, ըստ գործի նյութերի, «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտից 2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում մի երիտասարդի տարել է դեպքի վայր հանդիսացող շենքի մոտ:
Երկրորդ տաքսիստը այդ շենքի մոտից մի երիտասարդի, ինչպես նաև ավելի վաղ մեքենա նստած մի աղջկա տարել է մինչև մարզահամերգային համալիր:
Տուժողը՝ սպանությունից հետո հրկիզված բնակարանի սեփականատիրուհին, հայտնեց, թե ինքը Աջափնյակում գտնվող իր բնակարանը 60 հազար դրամով 2012 թվականի դեկտեմբերին վարձակալությամբ հանձնել էր երկու աղջիկների: Նրանցից մեկը հենց այս գործով տուժողն է: Բնակարանատիրուհին ասաց, թե հանցագործությունից հետո է իմացել, որ բնակարանում ապրել են երեք աղջիկներ, և որ «նրանք վարել են անբարո կյանք»:
Հարևանները բնակարանում բռնկված հրդեհի մասին նրան տեղեկացրել են կեսգիշերին: Տուժողն անմիջապես եկել է ու ստիպված է եղել ճանաչել հրդեհից բավական վնասված դիակը…
Սպանված կնոջ մայրը՝ տուժողի իրավահաջորդը, հայտնեց, որ սպանվածն իր կրտսեր աղջիկն էր: Նա ամուսնացած էր, բայց հեռացել էր ամուսնուց, ապրում էր առանձին: Աշխատել է որպես վաճառողուհի, մատուցողուհի: Ամեն օր ինքը հանդիպել է աղջկան կամ նրա հետ խոսել է հեռախոսով:
Գիտի, որ մի ժամանակ իր դուստրն ու Դավիթը միասին աշխատել են մի հյուրանոցում. դուստրը մատուցողուհի է եղել, Դավիթը՝ խոհարար: Հետո երկուսն էլ դուրս են եկել աշխատանքից: Միմյանց զանգել են ու ասել, որ տեղավորվել են այլ աշխատանքի:
Իր իմանալով՝ Դավիթն իր աղջկան առաջարկել է ընկերություն անել, բայց ամուսնության առաջարկ չի արել: Մայրը չի իմացել նաև նրանց ինտիմ կապի մասին:
Ըստ սպանվածի մոր՝ ինքը իմացել է նաև, որ Դավիթն իր աղջկան ծանոթացրել է նոր ընկերուհու հետ, և դեպքից մոտ 15 օր առաջ «երկու աղջիկները վիճվել ու իրար ծեծել են: Այդ ժամանակ Դավիթը ներսից դուռը փակել է…»:
«Ես չէի պատկերացնի, որ վիճվելու հետևանքներն էսպիսին կարող էին լինել»,- ավելացրեց տուժողի իրավահաջորդը:
Դեպքի օրը՝ մայիսի 7-ին, աղջկա հետ մայրը հեռախոսով խոսել է ժամը 22-ն անց 30-ի սահմաններում: Աղջկա տրամադրությունը բարձր է եղել, նա ասել է, թե աշխատանքից վերադարձել է:
Ժամը 23-ի սահմաններում մայրը զանգել է, բայց աղջկա հեռախոսն արդեն անջատված է եղել:
Առավոտյան ժամը 4-ին ոստիկանները նրանց տուն են գնացել, բայց սկզբում չեն ասել, թե ինչ է պատահել:
Մեղադրողի հարցին մայրը պատասխանեց, որ իր իմանալով՝ իր աղջիկը վեներական հիվանդություն չի ունեցել, վարչական պատասխանատվության չի ենթարկվել:
«Այդ դաժան սպանության իմաստը՝ բուն իմաստը չեմ հասկանում, չեմ պատկերացնում, որ կարելի էր էդ տեսակ դաժան վարվել… Ես կորցրել եմ իմ աղջկան, թող մեղավորը պատիժ կրի արժանի ձևով, նույն ձևով իր մայրը թող տանջվի: Մեղավորին պետք է ցմահ ազատազրկել»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Այս գործով հաջորդ դատական նիստն ու հաջորդ հարցաքննությունները տեղի կունենան արդեն 2014 թվականին:









































