«Նախախորհրդարանի» հրավիրած ասուլիսին «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել էր՝ արդյոք հնարավո՞ր է միանան նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագրին»՝ մանավանդ շատ ծրագրային դրույթներ համընկնում են:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ պայմանագրին դրական է վերաբերվում, այնտեղ մեծասնությանը ճանաչում է, ողջունում է նրանց նախաձեռնությունը և առհասարակ որևէ ինքնաբուխ նախաձեռնություն, որը խնդիր է դրել ազատվել ռեժիմից, սակայն մարտավարական տարակարծություն ունեն նրանց հետ:
Նա նշեց, որ ընթացքում կփորձեն քննարկումներ անել, այնպես չէ, որ ասում են՝ այս է ծրագիրը և վերջ, բայց այսօրվանից կարող են մատնացույց անել գլխավոր տարակարծությունը՝ նրանք հայտարարում են, որ գնում են ընտրությունների, իսկ «Նախախորհրդարանը» համոզված է, որ մեր ժողովուրդը այդ ռեսուրսը չունի, ուստի օր առաջ Հայաստանում պետք է ստեղծվեն պետություն ստեղծելու նոր մեխանիզմներ:
Հրանուշ Խառատյանն էլ նշեց, որ «Նախախորհրդարանի» ծրագիրը բաց տեքստով դրված է, «Նախախորհրդարանը» ինտենսիվ քննարկումներ է կազմակերպում, փորձում մինչև վերջ տեղ հասցնել իր մոտեցումները և լսել առաջարկությունները, առարկությունները:
Նա ասաց, որ «Նախախորհրդարանի» հետ քննարկում անելու ցանկություն ունեցողը պետք է ծրագիրը մի քիչ նայի և ունենա գուցե առարկություններ. «Մենք ուզում ենք այդ առարկությունների փաստարկները շատ բաց լսել և տրամաբանական բոլոր փաստարկներով համատեղ կայացնել այն, ինչ մենք առայժմ անվանում ենք նոր որակի պետություն»,- ասաց նա:









































