«Մենք պետք է գերարագ հասկանանք, որ հետհեղափոխական վիճակում պրոսեցներին բուռն արձագանքելը կամ առհասարակ չարձագանքելը կարող է շատ վատ հետևանք ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքերով՝ քանի դեռ սուպերմարկետներում գնաճ չարձանագրվեց, մարդիկ, կառավարությունը չէր մտածում Հայաստանում՝ Երևանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին։ Նրա խոսքերով՝ հիմա էլ չի զգացվում այդ միտումը։ «Գյուղմթերքի թանկացման պահին կառավարությունը պարտավոր էր տալ երկու գնահատական։
Վարչապետը, այո, կարող էր տալ քաղաքական գնահատական՝ սկսել բոյկոտել թալանչիներին, բայց նրան պետք է օգնության հասներ կառավարության տնտեսական բլոկը՝ նրան մենակ չթողնելով իր քաղաքական հայտարարությունով հանդերձ։ Պետք է հնչեր կառավարության տնտեսական քաղաքականության տեսլականը։ Իրենք պետք է հստակեցնեին՝ սուպերմարկետներում գյուղմթերքի թանկանալը մեզ համար նոր հեռանկարների ստեղծում է, թե, այդուհանդերձ, կոշտ գործիքներով մտնելու են և գները կարգավորեն։ Այո, պետք է հնչեր հայտարարություն, որ հանրապետության մայրաքաղաքը չպետք է լինի սուպերմարկետների ցանց։ Քաղաքում պետք է զարգանա փոքր ու միջին բիզնեսը։ Պետք է ասվեր, որ այո, սուպերմարկետը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով, իսկ նրա հարևանությամբ գործող նմանատիպ գործունեություն իրականացնող խանութները պետք է աշխատեն ոչ ԱԱՀ-ով։
Մարդիկ էլ ընտրեն՝ նույն ապրանքը գնել սուպերմարկետից ավելի թանկ, թե կողքի խանութից՝ ավելի էժան։ Իսկ որևէ կոչ, տնտեսական քաղաքականության մոդել, պատկերացում չհնչեց»,- ասաց Պիպոյանը։ Նրա խոսքերով՝ հիմա իրականացվում է այն, ինչ նախկինում՝ վերահսկող հանձնաժողովը մտել է սուպերմարկետ և կոշտ գործիքներով զսպել գնաճը, բայց կառավարության կողմից այդպես էլ ՓՄՁ-ներին, ԱՁ-ներին ազդակ չի ուղղվել սուպերմարկետին կից իրացման կետ բացել և գործունեություն ծավալել՝ ունենալով որոշակի երաշխիքներ։ «Սուպերմարկետը գին է թանկացնում և դրանով հնարավորություն է ստեղծում կողքի իրացման կետին աշխատելու հնարավորություն։ Երբ որ սա ասվի պետական մակարդակով, դա արդեն ուրիշ կլինի։ Բայց հիմա հարցին տեղային լուծում է տրվում, որով տարիներ շարունակ երկրի հերն անիծվել է»,- ասաց Պիպոյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































