Այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը:
«Դուք ունե՞ք հաշվարկներ ու տեսլական՝ ինչ ժամկետներում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովության նվազագույն շեմին»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մանե Թանդիլյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ վստահություն հայտնելով, որ Մանե Թանդիլյանը հաջողելու է նախարարի պաշտոնում:
Նախարարը համաձայնեց, որ աղքատների ու հարուստների միջև եկամուտների բևեռացումը խորացել է. «Մեր նախարարության ուղղակի գործառույթի մեջ չի մտնում աղքատության վերացումը, մենք ավելի շատ մեղմելու ուղղվածություն ունենք»։
Մանե Թանդիլյանը հավելեց, որ չէր ուզենա այս պարագայում խոստումներ տալ. «Բայց մենք հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք պետությունից ստանում են այնպիսի հատկացումներ, որոնցով դժվար է անգամ առաջին անհրաժետության կարիքները հոգալ։ Դա մեր ուշադրության կենտրոնում է: Միասին կաշխատենք լուծումների ուղղությամբ»:
Նա ընդգծեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկացումների հասցեականությանը. «Նրանք, որոնք պետք է լինեին թիրախում, հաճախ չեն ստանում հատկացումներ: Մտադիր ենք ստեղծել թիմ, որը կվերանայի, թե ինչ է կատարվում այս ոլորտում: Հետաքրքիր արմատական փոփոխության մտադրություն ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































