«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արամ Թերզյանը։
-Պարոն Թերզյան, Հայաստանի նոր կառավարությունը չի ենթադրում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, արդեն իսկ հայտարարվել է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս չգալու մասին։ Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում կարելի է գոնե սպասել, որ հայ-ռուսական հարաբերությունները կդառնան իրապես դաշնակցային։
–Պետք է հաշվի առնել մի շատ պարզ հանգամանք՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի խուսանավման դաշտը խիստ սահմանափակ է։ Այս առումով Հայաստանը, անկախ իշխանությունների բնույթից, ի զորու չէ կտրուկ ու դրամատաիկ փոփոխություններ իրականացնել։ Հայաստանը Ռուսաստանից հսկայական կախվածություն ունի՝ տնտեսական, ռազմական ու քաղաքական, և այդ կախվածությունը կարճաժամկետ հեռանկարում անհնար է նվազեցնել կամ այլ համարժեք գործընկերոջ հետ նմանատիպ հարաբերություններ հաստատել։ Իսկ ինչ վերաբերում է հարաբերությունն ավելի դաշնակցային դարձնելուն՝ մի կողմից լավատեսորեն եմ մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը վերջին երկու տասնամյակի ընթացքում վերջապես ունի լեգիտիմ իշխանություն, ինչն արդեն իսկ շատ կարևոր հանգամանք է արտաքին քաղաքականությունում՝ պետության հետ հաշվի նստելու, մոտեցումների լրջացման առումով։ Սակայն մի շատ պարզ հանգամանք պետք է հաշվի առնենք՝ բավարար է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշի գազի գները բարձրացնել՝ իշխանության լեգիտիմիությունը խոցելի կդառնա։ Այսինքն՝ Ռուսաստանը տարատեսակ գործիքներ ունի իշխանության լեգիտիմությունը նվազեցնելու և նրա վրա ազդելու համար։ Այսինքն՝ գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում։
-Ամեն դեպքում Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չառարկեց Հայաստանում տեղի ուենցած փոփոխությանը, այն դեպքում, երբ սա հակասում է այն իրավիճակին, որ կա ԵԱՏՄ անդամ երկրներում։ Ինչո՞ւ։
–Ես այստեղ շատ պարզ տրամաբանություն եմ տեսնում։ Հայաստանը հաճախ փորձում են համեմատել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ և, բնականաբար, Ռուսաստանն էլ կուզենար Հայաստանում Նազարբաևի կամ Լուկաշենկոյի պես ինչ-որ մեկին ունենալ, իմանալ, որ կա կայուն հենարան, որի վրա միշտ բոլոր հարցերում կարող է հույս դնել։
Ղազախստանում Նազարբաևի լեգիտիմիությունը բարձր է, իսկ Բելառուսում՝չնայած տարբեր այլախոհական դրսևորումների՝ Լուկաշենկոյի նկատմամբ վերաբերմունքը դրական է։ Հայաստանում համեմատալու բան չկա՝ ատելությունն իշխող վերնախավի նկատմամբ չափազանց մեծ է, և ատելության այդպիսի մթնոլորտում անհնար է ունենալ կայուն վարչակարգ։ Այսինքն՝ մենք ունեինք վարչակարգ, որը խիստ խոցելի էր և զբաղված էր ներքին ցնցումները զսպելով։ Պետք է մի բան հաշվի առնենք՝ այո՛, Ռուսաստանին պետք է Հայաստանում ավելի կայուն հենարան ունենալ, բայց այստեղ մեկ այլ կարևոր հարց է, թե ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ռուսաստանը՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նկատմամբ:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի հանդուրժի չափազանց մեծ դեմոկրատական փոփոխություններ՝ իր ազդեցության տակ գտնվող երկրում, չափազանց մեծ մանևրելու քայլեր էլ թույլ չեն տրվելու, որովհետև այդպիսի քայլերը, վաղ թե ուշ, սուր ծայրով ուղղվելու են հենց Ռուսաստանի դեմ։ Նախկին կառավարության ամբողջ գործունեությունը հենված էր հարկադրանքի, ոստիկանական ուժերի շնորհիվ ազդեցության պահպանման և ղարաբաղյան հարցում պաթոսախեղտ հռետորաբանությամբ սեփական գործունեության լեգիտիմացման վրա։ Դա երկար շարունակվել չէր կարող։ Չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ գուցե ղարաբաղյան հարցում որոշակի զարգացումներ են եղել՝ Ադրբեջանի ղեկավարության և Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի հարաբերությունների հարթությունում և, հնարավոր է, ղարաբաղյան հարցում կա վերբեռնման կարիք, ինչի հնարավորությունը տալիս է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Հայաստանում իշխանափոխությունը։ Հետագա զարգացումները ցույց կտան, թե որքանով էր Ռուսաստանի այս հարաբերական չեզոք կամ դրական հարաբերությունները կապված Ղարաբաղի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում կադրային ընտրությունը։ Շատերը քննադատում են՝ ասելով, որ անվտանգության խնդիր ունեցող երկրում երիտասարդ կադրերը կարող են խնդիրներ առաջացնել փորձառության պակասի պատճառով։
–Երկակի մոտեցումների խնդիր է։Պաշտպանությունն ու արտաքին քաղաքականությունը այն կարևորագույն ոլորտներն են, որտեղ, իմ խորին համոզմամբ, առանց մեծ փորձի անհնար է արդյունավետ աշխատել։ Զոհրաբ Մնացականյանը եղել է Եվրամիության Ասոցացման պայմանագրի հարցում Հայաստանի կողմից բանակցողը, ճիշտ է, այդ պայմանագիրը կյանքի չկոչվեց, բայց այն փորձառությունը, այն արդյունքը, որ նա արձանագրել էր, իրապես նշանակալի էր։ Որպես դիվանագետ, նա բավական ընդունված է Արևմուտքում, իր մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշները կասկածի ենթարկելու որևէ հիմք չունեմ և ոչ էլ հիմք ունեմ ենթադրելու, որ որևիցե մեկը նրանից լավ կարող էր այդ գործն իրականացրել։ Նույնը նաև Դավիթ Տոնոյանի պարագայում՝ մարդ, որը երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, շատ պաշտպանության փոխնախարարներ են եղել, նրանց անձի հետ կապված կոռուպցիոն սկանդալները կարող ենք հիշել, այդ մարդու հետ կապված որևէ խնդիր չի եղել, հակառակը՝ նրա հետ է կապվել բանակի մոդեռնիզացիան, հաշվի առնենք, որ նա նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչն է եղել։
Միևնույն ժամանակ ուզում եմ նշել՝ հիմա մենք ինչ ասենք, միայն ենթադրությունների տիրույթում է, ինչքանով է այս կամ այն նշանակումը ճիշտ, դրանց բոլոր պատասխանները կտա ժամանակը։ Մի բան էլ հաշվի առնենք՝ սա ժամանակավոր կառավարություն է և պետք չէ այս ժամանակավոր կառավարության կազմով հեռուն գնացող եզրակացություններ անել կառավարության տապալման, հաջողության և այլ գլոբալ հարցերի վերաբերյալ։








































