Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը և ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանն այսօր խոսել են հայկական կինոյի արդի խնդիրներից, կինոյի զարգացման համար փառատոների կարևորությունից:
Էդգար Բաղդասարյանի դիտարկմամբ`կինոյում որակական առումով դեգրադացիա կա: Պատճառը դիլետանտիզմն է, «պլանկայի» անհատակ անկումը, ինչը, նրա խոսքով, պատկերի դեվալվացիա է: Ժամանակակից տեխնիկան արժեզրկեց պատկերը. սրան եվրոպացիներն էլ պատրաստ չէին: Ըստ նրա`Հայաստանոմ կատարվեց մի սարսափելի բան` կատակերգասեր ժողովուրդը կորցրեց հեղինակին: «Հիմա սարսափելի տվյալներ կարող եմ բերել. «Փոքրիկ զորավորը» 500 անգամ գերազանցել է իր դիտումներով»,-ասաց նա` հավելելով, որ կարևոր է` ով է գալիս և ինչ է նայում:
Նրա խոսքով` հանդիսատեսի մակարդակն ընկել է, գալիս են դիտելու, հետո կինո «Մոսկվայի» շատրվանի մոտ նկարվում: Սա, ըստ ռեժիսորի, մութ տարիների սերունդ է, որոնք պահածոյի բանկայի մեջ են մեծացել:
Նրա խոսքով` այսօր ամբողջ աշխարհում արվեստի ֆիլմերի համաշխարհային ճգնաժամ է, մտքի լուրջ դեֆիցիտ կա: Նրա դիտարկմամբ` արվեստագետի համար խնդրը առաջին հերթին սոցիալական տեսլականն ունենալն է:
«Երկու դեպքում է հանդիսատեսը վճարում կինոյի համար՝ կա՛մ տոտալ հեքիաթի, որ անջատվի, կա՛մ ճշմարտության. միջին տարբերակ չկա»,- ասաց նա` հավելելով, որ այսօր ունենք հեղինակազրկված հայկական կինո: Էդգար Բաղդասարյանի դիտարկմամբ` սպառողական հասարակարգ ունենք: Նա նշեց, որ ատում է կապիտալիզմը, շուկայական հարաբերությունները:
Իրավիճակը շտկելու միակ ձևը, ըստ բանախոսի, կրթությունն է, որը պետք է սկսվի օջախից: Եթե տանը մոր կաթի հետ միասին երեխայի ականջին ռաբիսն է հնչել, հետո ի՞նչ պետք է լինի. նա ռաբիս է լսելու ամբողջ կյանքում:
ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանն ասաց, որ տեխնոկրատիան հեղափոխություն է առաջացրել ամբողջ աշխարհում. շուկան բաց է, ազատական ենք, ով ասես ինչ ասես նկարում է, գոյություն ունի համացանց, ֆեյսբուք: Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե կինոյի դաշտում ոչինչ չի փոխվել:
Իրականում կինոդաշտում կինոորոնում կա, Արմեն Մազմանյանի դիտարկմամբ, սակայն, չի ծնվում հեղինակային լայնախոհ հայացքը, հեղինակային լուրջ, լավ կինոյի սով է:
Ավելի ողբերգական վիճակ է թատերական դաշտում, որտեղ, ըստ նրա, վաղուց մեռել ենք, ուղղակի մեզ չեն ասում:
Նրա խոսքով` երեք թատերական հարթակ ունենք, որտեղ ազնվաբար են աշխատում, որտեղ բավականին հետաքրքիր փայլատակումներ կան:
«Քայլ ձիով» ֆիլմերով լցրել են շուկան. այստեղ գոբալ խնդիր է, սերունդ է փչանոմ, ազգային ռազմավարական խնդիր է: Մենք գլոբալ ազգային խնդիր ունենք, ընտանիք, դպրոց, մշակութային ռազմավարություն, և եթե չկտրենք շոուներից, և բյուջեն չգնա կրթության, գիտության, և միտված քարոզչական ուղղությամբ, մեզ լավ ապագա չի սպասվում»,- ասաց Արմեն Մազմանյանը:
Լրագրողները Էդգար Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ֆիլմեր է նկարում: Նա ասաց, որ երկու խաղարկային ֆիլմ է նկարել, որոնք կիսատ են, և չկա ֆինանսավորում, որ ավարտին հասցնի:
«Ֆիլմ դիտելու եկած մարդը ուզում է կա՛մ սեքս, կա՛մ բռնություն դիտի, կամ պոկորն ուտի ու ծիծաղի: Բայց այսպես ինձնից հանդիաստես են խլում»,- ասաց նա:
Ի դեպ, Էդգար Բադասարյանը այս տարի կընդգրկվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրական հանձնաժողովում:









































