Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է առաջիկա 3 տարում 1 միլիարդական ֆունտ (1.63 մլրդ դոլար) տնտեսել բյուջետային ծախսերի կրճատման հաշվին: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի աշնանային նախաբյուջետային հայտարարության նախագծում:
Առաջիկա հինգշաբթի Օսբորնը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հանդես կգա աշնանային նախաբյուջետային հայտարարությամբ, որը ֆինանսների նախարարի՝ նշանակությամբ երկրորդ մակրոտնտեսական ելույթն է գարնան բյուջետային ուղերձից հետո: Փաստաթղթի որոշ դրույթներ արդեն հայտնի են դարձել բրիտանական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ տնտեսման նման մակարդակի հասնելու համար բյուջետային ծախսերի 1.1 տոկոսի կրճատման կանցնեն բոլոր նախարարությունները:
Փաստաթղթից հայտնի է դարձել, որ նախարարը կդիմի գործընկերներին՝ ծախսերի հետագա նվազեցման ուղիներ փնտրելու և ֆինանսական կարգապահության բարձրացման խնդրանքով: Բյուջետային կրճատումները չեն տարածվի առողջապահության, կրթության ոլորտների, տեղական ինքնակառավարման, հատուկ ծառայությունների և արտակարգ իրավիճակների ծառայության վրա: Հայտնի է դարձել նաև որ կառավարությունը մտադիր է հավելյալ միջոցներ հատկացնել դպրոցների վերանորոգմանը, դպրոցական ճաշարանների արդիականացմանն ու դպրոցականների սննդի որակի բարձրացմանը:
Հաջորդ տարվա բյուջեում ծրագրված են նաև 375 մլրդ ֆունտի ներդրումներ էներգետիկայի, ջրմատակարարման, տրանսպորտի և հաղորդակցական համակարգերի զարգացման համար:







































