Իրանը կարող է պահպանել ուրանի հարստացման իր իրավունքը խաղաղ միջուկային ծրագրի նպատակով՝ համապատասխան համաձայնագրի, որը կպատրաստվի «վեցյակ»-ի հետ հետագա քննարկումների ընթացքում: Այս մասին PBS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքական գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ով ղեկավարել է ամերիկյան պատվիրակությունը Իրանի և «վեցյակ»-ի բանակցություններում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և վերջինիս գործընկերները հույս ունեն մոտակա ժամանակներս մշակել համապարփակ համաձայնագիր Իրանի հետ: Շերմանի խոսքերով՝ ապագա պայմանավորվածությունը հավանաբար կնախատեսի Թեհրանի կողմից քիչ հարստացված ուրանի «սահմանափակ ծրագրի» շարունակություն՝ այն դեպքում, եթե դա «գործնականորեն անհրաժեշտ լինի» երկրի էներգետիկ կարիքների համար, և եթե այդ աշխատանքն անցկացվի միջազգային տեսուչների խիստ վերահսկողությամբ:
Նա նաև նշել է, որ շատ ավելի բարդ կլինի հասնել համապարփակ համաձայնագրին, քան կնքել նախնական պայմանավորվածություն, որը դիտարկվում է որպես երկար ուղու առաջին քայլ: Դա մեկնաբանվում է նրանով, որ «վեցյակ»-ը մտադիր է հասնել այն բանին, որ Իրանը ամբողջությամբ ապամոնտաժի մի շարջ միջուկային օբյեկտների ենթակառուցվածքը, այդ թվում՝ Արակի ռեակտորը:
«Մենք ուղղակի չենք հասկանում՝ ինչ խաղաղ քաղաքացիական նպատակների համար կարող է նախատեսված լինել ծանր ջրի վրա 40 մեգավատ հզորությամբ այդ ռեակտորը»,- ասել է Շերմանը:










































