Այսօր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովում անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելու հանգամանքին՝ հայտարարեց, թե այն տրվում է սպառած գազի դիմաց կուտակված 150 մլն դոլար պարտքի դիմաց: Ընդ որում` նախարարի խոսքերով, այդ պարտքն իրականում եղել է 300 մլն դոլար, և իրենց բանակցությունների արդյունքում ուղիղ կեսը՝ 150 մլն դոլարը, ռուսական կողմը վերցնում է իր վրա: Այս, գազի գնի և այլ խնդիրների մասին լրագրողների հետ Ա. Մովսիսյանի հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
– Պարոն Մովսիսյան, այդ 300 մլն դոլար պարտքը մենք ո՞ր թվականից ենք կուտակել:
– Այս բանակցությունները սկսել են 2011 թվականից, և այդ ժամանակվանից սկսած՝ ես միշտ ասել եմ, որ մեր երկրում գազի գները սպառողների համար չեն փոխվելու: Միշտ էլ ասել ենք, որ ռուսական կողմի հետ զուգահեռաբար բանակցություններ են գնում ավելի երկարատև ժամանակաշրջանի կտրվածքով գազի գները ֆիքսելու համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավականին ծանր վիճակ են ստեղծում ինչպես ժողովրդի մոտ, այնպես էլ տնտեսության մեջ երկարատև ծրագրեր իրականացնելու համար: Բանակցությունները բավականին երկար տևեցին, որն այս տարի ավարտեցինք, և ամբողջ պայմանավորվածությունը ձեռք բերվեց մինչև 2018 թվականի համար: Իսկ այս ընթացքում այն լրացուցիչ բեռը, որը առաջանում է «ՀայՌուսգազարդի» վրա, կազմում է շուրջ 1,1 մլրդ դոլար, որից 600 մլն դոլարը պետք է առաջանա այսօրվանից մինչև 2018 թվականը: Եվ 300 մլն դոլարը, որն առաջացել է 2011թ. ապրիլի 1-ից առ այսօր: Ռուսական կողմի հետ մեր բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ այդ 300 մլն դոլար առաջացած պարտքի մոտ կեսը մենք ենք վճարում, կեսն էլ իրենք են վճարում: Իսկ այսօրվանից մինչև 2018թ. ՀՀ սպառողների վրա առաջացող այն բեռը, որը 1000 խորանարդ մետրի համար կազմում է 80 դոլար, ռուսական կողմը ուղղակի ազատում է 30 տոկոս մաքսատուրքը հանելու միջոցով:
– Իսկ Հայաստանը 2011 թվականից մինչև այսօր ինչո՞ւ էր թաքցնում, որ պարտքեր է կուտակում:
– Որևիցե մեկը երբևէ դա չի թաքցրել, բանակցային գործընթաց էր ընթանում, և մենք միշտ ասել ենք, որ գալու է պահը, որ ամեն ինչ հայտարարելու ենք: Այդ 300 մլն-ը բանակցությունների արդյունքում է եղել, այն կարող էր շատ ավելի մեծ լինել:
– Իսկ որքա՞ն է գնահատվել «ՀայՌուսգազարդի» այն 20 տոկոսը, որը պատրաստվում եք տալ ռուսական կողմին:
– «ՀայՌուսգազարդ» ընկերության սակագների մեջ ներառված է տարեկան մինչև 10 տոկոս կամ մինչև 35 մլն դոլար շահութաբերություն, բայց իրականում այն շատ ավելի պակաս է ստացվում: Եվ ընկերության գինը հաշվարկվում է տարեկան շահույթը բազմապատկած 7-8 տարիների, այսինքն` այն տարիների քանակով, որը կոմերցիոն տեսակետից գնելու համար հետաքրքիր կլինի:
– Եթե միջազգային աուդիտ անցկացվեր, գուցե ավելի թանկ գնահատվեր այդ 20 տոկոսը:
– Միջազգային աուդիտ կլիներ, թե ներհանրապետական աուդիտները կլինեին, գինը հաշվարկվում է շահույթից ելնելով:
– Իսկ Ռուսաստանը մյուս 150 մլն դոլարն ինչո՞ւ է վերցնում իր վրա, միգուցե Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալո՞ւ որոշման համար:
– Դա արդեն մեր ստրատեգիական գործընկերոջ հետ մեր բանակցությունների արդյունքն է:
– Գազի համար Հայաստանի շարքային սպառողը վճարում է սահմանային գնից կրկնակի ավելի: Ինչո՞ւ է այդպես հաշվարկված:
– Սակագինը ձևավորվում է հետևյալ կերպ՝ սահմանի վրա գազի գինը, գումարած այն մարժան, որն ունի «ՀայՌուսգազարդը», գումարած ավելացրած արժեքի հարկը: Բոլոր երկրներում, որտեղ գազ չկա, բնակչությանը մատակարարվող գազի գինը շատ ավելի բարձր է:
– Ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանում գազի գները ՌԴ-ի ներքին գներին համադրելի կլինեն:
– Նրա ասածն այն է, որ ՀՀ-ի համար այսուհետ կկիրառվի ՌԴ-ի ներքին գները գումարած ճանապարհածախսը, որը գալիս է մինչև ՀՀ սահման: Դա ենթադրում է, ՌԴ-ի տարածքում մոտ 2500 կմ հատվածի տեղափոխելու ծախսը: Ինչպես նաև՝ Վրաստանի տարածքով անցնող 220 կիլոմետրանոց գազատարի ծախսը: Ընդ որում` մենք վրացիներին դրա համար վճարում ենք մեր ներկրած գազի 10 տոկոսը: Բայց մենք կրկնակի թանկ ենք վճարում: Այդքան ճանապարհ է տեղափոխվում, պետք է հասցնել Հայաստան, հետո ճնշումն իջեցնել ու հասցնել մինչև սպառողին:
– Պարոն Մովսիսյան, Ձեր ստեղծած աշխատանքային խումբը պարզե՞ց, թե նոյեմբերի 2-ին ՀՀ ողջ տարածքով տեղի ունեցած հոսանքազրկումն ինչի հետևանք էր: Դուք ասացիք, թե վթարն իրանական կողմում է եղել, բայց այնտեղից հերքեցին դա: Եվ կարծիք կա, որ վթարի պատճառն իրականում Հայաստանի էլեկտրական ցանցերի համակարգում գոյություն ունեցող մաշվածությունն է:
– Էլեկտրացանցի աշխատանքի արդյունքում չէր կարող նման վթար առաջանալ: Էլեկտրացանցը աշխատում է ընդամենը 10 կիլովոլտից ցածր լարման մեծությունների հետ, իսկ դա չէր կարող բերել 220 հազար վոլտ լարման սխեմայի վթարի: Ամբողջ բանը սկսվել է Իրանից, երբ որ այնտեղ 1200 մեգավատտանոց մի կայան ուղղակի դուրս է եկել ցանցից, դրա արդյունքում լարումն ընկել է, հաճախականությունն է սկսել փոփոխվել, և տեղի է ունեցել այդ հոսանքազրկումը:
– Իսկ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից «Նաիրիտ» գործարանի գնման բանակցությունները ե՞րբ կավարտվեն:
– Բոլոր տեխնիկական խնդիրներն ուսումնասիրված են, և «Ռոսնեֆտը» համաձայնություն է տվել «Նաիրիտի» ծրագիրն իրականացնելու համար: Ընդ որում` ներգրավելու է իտալական 2 ճանաչված ընկերությունների: Ֆինանսական սխեմաների, պարտքերի և այլ հարցերը քննարկման փուլում են, և հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կավարտենք: Բնականաբար, աշխատավարձերն էլ կվճարենք: Այս աշխատանքն էլ կավարտենք, ու բոլոր պարտքերը աշխատավարձերի հետ կվճարվեն:
– Որքա՞ն ներդրում պետք է կատարվի Որոտանի ՀԷԿ-ում` չհաշված վաճառքի 180 մլն դոլար վաճառքի գինը:
– Առնվազն 70 մլն դոլար, բայց որևէ մեկը դեռ որոշում չի կայացրել վաճառել Որոտանի ՀԷԿ-ը, ընդամենը բանակցություններ են ընթանում: Երբ որ բանակցությունները կավարտվեն, նոր կասենք, թե ինչի մասին է խոսքը:
– Բայց դուք գարնանն ասում էիք, թե Որոտանի ՀԷԿ-ը արդիականացնելու համար մոտ 200 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ:
– 180 մլն գումարած 70 մլն դոլար, ավելի շատ եղավ:
– 180-ը վաճառքի գինն է: Դուք զուտ ներդրումն էիք ասում 200 մլն դոլար:
Հ. Գ. Արմեն Մովսիսյանը վերջին հարցը թողեց անպատասխան:








































