Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
Հայաստանն ունի երեք մասնակից՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակիցով երկրորդն է:
Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ:
Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային:
Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենի Նեստերովը:
Հաջորդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Վոլոդար Մուրզինի հետ: