Հինգշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Համբուրգի բարձրագույն հողային դատարանը հաստատեց գերմանացի լրագրող Յան Բոհերմերմանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու դեպքի առթիվ Համբուրգի դատարանների որոշման օրինականությունը՝ գրում է dw.com-ը:
Այս որոշման համաձայն՝ երգիծաբանին արգելվում է Էրդողանի մասին երգիծական բանաստեղծությունից կրկնել մի շարք ավելի վիճահարույց հատվածներ՝ հիմնականում սեռական ենթատեքստով: Միևնույն ժամանակ, դատավորները ամբողջովին չեն արգելել բանաստեղծության տարածումը:
Այսպիսով, դատարանը չի բավարարել Էրդողանի բողոքը, որը պահանջում էր արգելել ամբողջ բանաստեղծությունը, ինչպես նաև չի բավարարել երգիծաբանի բողոքարկումը, որը թույլտվություն է խնդրել բանաստեղծությունը տարածելու ամբողջական ծավալով:
Դատավոր Անդրեաս Բուկքը, հրապաչակելով որոշումը, նշել է, որ Էրդողանի քաղաքականությունը կարող է հանգեցնել «զանգվածային քննադատության», որին պետք է պատրաստ լինի պետության ղեկավարը: Սակայն նրա քաղաքական գործողությունների և սեռական բնույթի որակումների միջև, որի մասին գրել է երգիծաբանը, «շփման եզրեր չկան»,- ասել է դատավորը:









































