Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոն ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Ղարաբաղ կատարած այցի մասին՝ ասաց, որ իրեն ուրախացրել է մի փաստ. մարդկանց շրջանում աղանդների նկատմամբ բացասական տրամադրվածություն կա, թեև աղանդավորական կառույցներն այստեղ գործում են երկար տարիներ:
Նա նշեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում աղանդավորական կառույցները մի նպատակ ունեն՝ բարեգործական ծրագրերի միջոցով փողեր լվանալ:
Բացի դրանից՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը Արցախում ունի հողատարածքներ, ինչը մեր Սահմանադրությամբ անթույլատրելի է. «Փաստ է, որ ամերիկացիներին հողեր են վաճառել, բայց չի բացառվում, որ թուրքերին, պարսիկներին էլ կվաճառեն»:
Ըստ նրա՝ այն բոլոր բարեգործությունները, որ արվում են Արցախում և Հայաստանում, տրամադրված գումարների մի մասն են, մյուս մասը մտնում է կազմակերպիչների գրպանը:
Ալ. Ամարյանն անդրադարձավ նաև բանակում ինքնասպանության դեպքերին և ասաց, որ ինքնասպան եղած զինվորներից մի քանիսի գրպաններում կրոնական կառույցների խորհրդանիշեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են սատանայապաշտներին և հոգեգալստականներին. «Կրոնական կառույցներում անպատժելիության գործոն կա: Մեզ մոտ օրենքով մեխանիզմ չկա, որ հնարավոր լինի մտնել և ստուգել կրոնական կառույցը: Հաշվի առնելով, որ չկա վերահսկողություն, մարդիկ անպատժելիորեն կարողնում են անել այն, ինչ ուզում են»:
Արցախ կատրած այցից նա առանձնացրեց մի փաստ, ըստ որի՝ կրոնական կառույցները համագործակցում են իշխանության և պաշտպանության բանակի հետ, շատերը նույնիսկ մասնակցում են նրանց ժողովներին:
Ասուլիսի մյուս բանախոս՝ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ հավելեց, որ կրոնական կառույցների մուտքը ՀՀ արտոնվել է դեռևս ութսունական թվականներին՝ Հայաստանը դրանց համար փորձադաշտ դարձնելով. «ՀՀ-ում միատարր ժողովուրդ է ապրում, խառնակություն գցելը հեշտ չէ, միայն կրոնով կարող են, իսկ կրոնով բաժանելը հավասարազոր է արյունով բաժանելուն»:
Ըստ նրա՝ այնքան կրոնական աղանդներ, որ Հայաստանում կան, նույնիսկ դրանց հայրենիքում՝ ԱՄՆ-ում չկան:










































