Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը շարունակել է գոլֆ խաղալ այն բանից հետո, երբ մարդատար գնացքը մեգապոլիսի Բրոնքս շրջանում դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ կիրակի քաղաքապետը, ով լիազորությունները վայր կդնի այս տարվա դեկտեմբերի 31-ին, գտնվել է Բերմուդյան կղզիներում, որտեղ տեղի գոլֆ ակումբներից մեկում գոլֆ է խաղացել: Նա խաղը սկսել է վաղ առավոտյան ու շարունակել մինչև կեսօր, իսկ գնացքը ռելսերից դուրս էր եկել նույն օրը՝ տեղի ժամանակով ժ. 07.20-ին: Քաղաքապետը հայտարարել է, որ բրիֆինգը լսել է ողբերգությունից կես ժամ անց:
Կիրակի երեկոյան քաղաքապետը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցին վթարի ժամանակ իր գտնվելու վայրի մասին: Հարցին՝ ինչո՞ւ դեպքի վայր չի մեկնել, այլ տուժածներին այցելել է հիվանդանոց, նա ասել է, որ դա անհրաժեշտ չի համարել, քանի որ ինքը ո՛չ պրոֆեսիոնալ հրշեջ է, ո՛չ էլ ոստիկան:
Սա առաջին դեպքը չէ, երբ Բլումբերգը բացակայում է քաղաքից լուրջ իրադարձությունների ժամանակ, սակայն ընդհատել է իր այցն ու քաղաք վերադարձել: Այդ դեպքերում հայտնի չէ՝ նա այցը նախատեսվածից շո՞ւտ է ավարտել, թե՞ ոչ:








































