Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին RT-ին տված հարցազրույցում ասել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները կլավանան:
Դրա հետ մեկտեղ Վրաստանը Եվրոպայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մտերմանալու կուրս է սկսել: Վարչապետի խոսքով՝ Վրաստանի եվրաինտեգրումն ու ՆԱՏՕ-ին անդամագրվելու ձգտումը նախկինի պես երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններն են: Ղարիբաշվիլին նաև հայտնել է, որ Վրաստանի կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչի՝ Օլիմպիադային, բայց վրացի մարզիկները կմասնակցեն մրցումներին, փոխանցում է russian.rt.com-ը:
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելուն կողմ է երկրի քաղաքացիների 70 %-ը:
Վարչապետն ասել է, որ իրենց նախնիները միշտ ձգտել են դեպի Եվրոպա, եվրոպական քաղաքակրթություն, և իրենք պարզապես շարունակում են իրենց նախնիների գործը, իրենց շատ մոտ են եվրոպական արժեքները:
Նրա կարծիքով՝ ԵՄ-ին քաղաքական տեսանկյունից անդամագրությունը շատ առավելություններ է երաշխավորում, մասնավորապես՝ այն կբացի եվրոպական շուկան վրացական ապրանքների համար:
Ի պատասխան հարցին, թե հանուն իր «եվրոպական երազանքի» իրականացման Վրաստանն ինչի՞ միջով պետք է անցնի՝ Ղարիբաշվիլին ասել է, որ երկիրը ստիպված կլինի «մեծ բարեփոխումների» ենթարկվել: «Այստեղ ժամանակ և աստիճանականություն պետք կլինի: Մենք հրաշալի հասկանում ենք, որ մեկ օրում սա հնարավոր չէ անել, մենք տեղյակ ենք բոլոր դժվարություններին, որոնց ստիպված կլինենք բախվել: Բայց սա, միևնույն է, Վրաստանի համար օպտիմալ ընտրություն է: Եվրոպան միակ ճիշտ ուղին է: Եվրոպայից ավելի լավ ոչինչ չկա»,- նշել է վարչապետը:
Նա խոր ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան հրաժարվել է եվրաինտեգրումից: «Ուկրաինան մեր գործընկերն է, եղել է և կլինի»,- նշել է նա:









































