Ազգային ժողովը քննարկում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու՝ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգում ներառված հարցը: Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս նախաձեռնությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է կարևոր հարցերի շուրջ կամք դրսևորել, միասնական ջանքեր սկսել իրականացնել և դրա մասին համատեղ հայտարարությամբ հանդես գալ:
«Մենք համատեղ հայտարարության առաջին կարևոր քայլն այսօր կատարեցինք և հիմք ենք դրել այս խնդրի հետ կապված լուրջ համագործակցության: Ինձ համար բացարձակապես անհասկանալի է մեծամասնության պահվածքը, հարցը քննարկելու այլ պլատֆորմով, քան հիմա է, դժվար էր պատկերացնել: Մենք պարզ բան ենք ասում՝ մեկ տարի հետաձգենք, նստենք իրար հետ քննարկենք. լուրջ պրոցես ենք սկսում, կարող են ի հայտ գալ նոր իրավիճակներ, որոնց լուծումը պետք է տրվի ժողովրդի հետ, հակառակ դեպքում սա կարող է ընդվզումների ալիք բարձրացնել»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունը չի ուզում լսել ընդդիմությանը, հասարակությանը, անցկացնել հանրաքվե, բացահայտել հասարակության կարծիքը: ՀՅԴ անդամին հետաքրքրում է՝ էլ ե՞րբ պիտի կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ նման կարևոր հարցերում:
Նրա համոզմամբ՝ սա բերում է ԱԺ դերի նսեմացման, իսկ իրենք փորձում են ԱԺ-ին վերադարձնել իր դերը, նշանակությունը, արծարծել հարցեր, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ինչի մասին է խոսքը:
«Սա մեզ համար, որպես ազգային կուսակցության, նշանակում է օտարածին արժեհամակարգի ներդրում: Մենք ինչպե՞ս ենք դաստիարակում մեր սերունդներին. մինչ օրս դաստիարակել ենք՝ ասելով, թե զավակի պարտքն է հարգել ծնողին, խնամել ծերության ժամանակ, հիմա ասում ենք՝ ամեն մեկն իր գլխի ճարը պիտի տեսնի, մտածի իր մասին: Սա ինձ չի վերաբերում, բայց իմ ու բոլորիս երեխաներին է վերաբերում: Ի՞նչ եմ սովորեցնում, ասում եմ՝ դու գնա, գլխիդ ճարը տես, ամեն մեկս մեր հոգսերը թողնենք մեզ վրա: Սա օտարածին արժեհամակարգ է»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց՝ ուրիշ երկրներին օրինակ պետք չէ բերել, այլ երկրներում սոցիալական նման գերլարված վիճակ գոյություն չունի: 70 տոկոս աղքատության դեպքում, ըստ պատգամավորի, այս համակարգի ներդրումը կեղեքիչ վաշխառուական մոտեցում է:
Նրա համոզմամբ՝ սա արժեհամակարգի փլուզում է, մեր ավանդական՝ պապերի արժեհամակարգի, սերունդների համերաշխության խախտում: Հիմա մենք հրաժարվում են մեր արժեհամակարգից, սերունդների մեջ մտցնում ենք պառակտում, հայրեր-որդիներ խնդիր առաջացնում, ընդ որում՝ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որում ամրագրված է՝ չափահաս մարդիկ պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ ծնողների համար, ստեղծում ենք սոցիալական իրավունքների նվազեցման նախադեպ:
«Մարդն իր գլուխը չի կարողանում պահել, դու ասում ես՝ հետ գցի: Որտեղի՞ց: Տվե՞լ ես իրեն էդ հնարավորությունը: Հա, Ֆրանսիայում էդ հնարավորությունը կա, բայց հայկական իրականության մեջ չի կարելի խոսել այդ մասին: Հարգելի իշխանություններ, եկեք նստենք, այս խնդիրները քննարկենք, և էն ժողովրդին, որը պիտի էս ամեն ինչը իր ուսերի վրա կրի, հարց տանք՝ ուզո՞ւմ է դա»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ հակառակ դեպքում ավելի կամրագրվի, որ այս իշխանությունները կապ չունեն ժողովրդի հետ:







































