Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ ՄՄ-ում ՀՀ-ի գաղութացման դեմ կազմակերպած հանրահավաքին ներկա էր «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Նա հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ վճռական պահին ՀՀ քաղաքացիները ցույց են տալու, որ իրենք են այս երկրի տերը, այս ապօրինի իշխանությունները չեն, որ իրենց փոխարեն որոշումներ են կայացնելու, և որ առաջիկայում իրենք են որոշելու, թե աշխարհի որ երկրների հետ ինչ հարաբերություն պետք է ունենա Հայաստանը:
«Հարգելի անկախականներ, դեկտեմբների 2-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, ժամը 13.00-ին: Մենք ֆեյսբուքյան նախաձեռնություն ենք ստեղծել, որը փողոցում լուրջ գործ է անելու, կոչվում է «Արժանապատիվ հայրենիք», և ամսի 2-ին ժամը 13-ին այստեղից երթ ենք իրականացնելու և երթուղին կնշենք:
Հիշեցնեմ, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ-ի կողմից Հայաստանը զրկվեց անկախությունից, և հիմա Պուտինը պարզապես օր չէ, որ ընտրել է, շատ կոնկրետ այդ օրն է ընտրված, այստեղ գալով, իր ստրուկների մոտ հանդիպում ունենալով՝ հիշեցնում է, որ առաջիկայում ՀՀ-ն նորից զրկվելու է անկախությունից»,- ասաց նա՝ իր խոսքն ավարտելով հետևյալ խոսքերով՝ «Երազելը վնաս չէ»:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































