1998-ի դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այդ օրը ևս մեկ անգամ ուշադրություն է դարձվում այս խնդրին: 2002թ. ՀՀ կառավարությունը հաստատել է ՁԻԱՀ-ի կանխարգելման առաջին ազգային ծրագիրը, և այդ ժամանակից ի վեր Հայաստանում նկատվել է առաջընթացը ձեռքբերումներ ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցում: Ըստ այդմ՝ մեզանում բուժման կարիք ունեցող 573 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում, ինչը հիվանդների կյանքի պահպանման հիմնական երաշխիքն է:
Լրագրողների հետ հանդիպմանը նման վիճակագրություն ներկայացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Վերջինս ձեռքբերումների թվում նշեց այն հանգամանքը, որ 2007-ից ի վեր մեզանում կանանց շրջանում հակառետրովիրուսային նշանակումների շնորհիվ հնարավոր է եղել բացառել հիվանդության փոխանցումը մորից երեխային անցնելու միջոցով: Բանախոսը ուրախությամբ նշեց, որ 2001-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:
Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս իրականացվում է 2013-2016 թթ. ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային 3-րդ ծրագիրը, որի շրջանակում շարունակում են իրականացվել կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ վտանգի առավել ենթակա և խոցելի խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք ու աջակցություն. վերջիններս կարող են ստանալ խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, կատարվում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր ուսումնասիրություններ:
Բանախոսը կարևորեց հասարակության իրազեկության մակարդակի բարձրացումը, որը թույլ կտա հիվանդներին ժամանակին հետազոտվել ու հնարավորոթյուն ունենալ հետագայում երկար տարիներ ապրել առողջ կյանքով, հիվանդ մայրերին՝ ունենալ առողջ երեխաներ ու վարել նորմալ կենսակերպ:
2012թ. դրությամբ աշխարհում կար ՄԻԱՎ-ով ապրող 35,3 մլն մարդ: Անցած տարի ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 2,3 մլն մարդ, իսկ մեր տարածաշրջանում՝ 130 հազար մարդ, ինչը բանախոսը մտահոգիչ թիվ համարեց: 2012թ. ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է 260 հազար երեխա: 2012թ. ՁԻԱՀ-ից մահացել է 1,6 մլն մարդ, որից 91 հազարը՝ մեր տարածաշրջանում:
Ս.Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց նաև ՀՀ-ում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակի վիճակագրությունը, որն ունի հետևյալ տեսքը. 1998-2013 թթ. նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, որից 228-ը՝ անցած տարի, ինչը առավելագույն է մյուս տարիների համեմատ:
ՄԻԱՎ վարակակիրների հիվանդների 70 տոկոսը կազմում են տղամարդիկ՝ 1109 մարդ, կանանց թիվը 477-ն է: ՄԻԱՎ-ով վարակվածների 55 տոկոսը եղել է 25-29 տարեկան: Մեզանում հիմնականում վարակի աղբյուր են ծառայում հետերոսեքսուալ հարաբերությունները՝ 62 տոկոս, թմրամիջոցներով վարակումը՝ 30 տոկոս, կան նաև մորից երեխային և հոմոսեքսուալ ճանապարհով վարակման դեպքեր:
Ընդ որում՝ կանանց մեծամասնությունը վարակվել է սեռական ճանապարհով: ՄԻԱՎ-ով վարակվածների թվով առաջին տեղում է Երևանը, ապա՝ Շիրակի ու Լոռու մարզերը:
Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից մահացության 352 դեպք, որից 60-ը կանայք են, 7-ը՝ երեխաներ :
Այսօրվա դրությամբ Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվը 3500 է:










































