Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Քրիստինե Գ.-ի գործով ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքների քննությունը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 25-ամյա Քրիստինեին մեղավոր է ճանաչել իր երկու անչափահաս երեխաներին մկնդեղ խմեցնելու, նրանց սպանելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել:
Դատարանը հաստատված է գնահատել, որ 2012 թվականի հունիսի 13-ին, ժամը 10-ի սահմաններում Քրիստինեն Վարդենիս քաղաքի անասնաբուժական-անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ:
Նույն օրը՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում կենցաղային հարցերի պատճառով իր երկու անչափահաս որդիներին սպանելու դիտավորությամբ նա գործով վկա Օֆելյա Ս.-ի առանձնատանը մկնասպան պատրաստուկ է խմեցրել իր երեխաներին ու քնեցրել է, նա ինքն էլ է խմել նույն պատրաստուկից:
Քրիստինեն, բարեբախտաբար, կատարածի մասին հեռախոսով հայտնել է իր հարսին, ով անմիջապես տեղյակ է պահել տանտիրուհուն: Վերջինս ահազանգել է շտապօգնություն:
Քրիստինեին ու երեխաներին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ապա Երևան՝ համապատասխան բուժում ստանալու:
Կատարվածի հետևանքով նրանք ունեցել են սուր թունավորում մկնդեղով, երեքի առողջությանն էլ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Քրիստինեն ասել է, թե այդ քայլին գնացել է ամուսնու ու սկեսրայրի պատճառով: Իր հետ անընդհատ վիճաբանել են, իրեն անհիմն խանդել են ու վիրավորել: Ինքը մի անգամ էլ դեղահաբեր է խմել ինքնասպանության նպատակով…
Ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի:
Քրիստինեն երեխաների հետ վարձով տնից հեռացել է, գնացել է հոր ընկերոջ տուն:
Ըստ Քրիստինեի՝ «զանգերի ու անբարո խոսքերի պատճառով է գնացել այդ քայլին… Ամսի 13-ի առավոտյան գնել է դեղը ու վերադարձել նույն տուն: Երեխաների քնի ժամին ինքը դեղը խմել է, այդ ժամանակ զանգել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածել է՝ եթե ինքը չլինի, թող երեխաներն էլ չլինեն, ու դեղը անգիտակցաբար խմեցրել է նաև երեխաներին: Մոտ մեկ ժամ անց տիկին Օֆելյան իմացել է, շտապօգնության մեքենայով իրենց տարել հիվանդանոց…»:
Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինեին դատապարտել է 12 տարի ազատազրկման:
Նրա խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է կալանավորումը, և Քրիստինեին կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում:
Վերաքննիչ բողոքում Քրիստինեն խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, պայմանական դատապարտություն կիրառել իր նկատմամբ ու ազատ արձակել՝ սահմանելով փորձաշրջան:
Քրիստինեի շահերի պաշտպան Ա. Սաղաթելյանը այն դիրքորոշումն է հայտնել, որ իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը խախտվել է, նրան չեն բացատրել անվճար պաշտպան ունենալու իրավունքը, Քրիստինեն էլ հրաժարվել է պաշտպանից, նախաքննության ընթացքում ու դատարանում՝ մինչև կողմերի վիճաբանությունների պահը, նա պաշտպան չի ունեցել:
Ըստ պաշտպանի՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը վիճելի է: Մասնագետները նշել են, թե Քրիստինեն մեղսունակ է, արարքի կատարման պահին եղել է հոգեկան լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, մինչդեռ, ըստ պաշտպանի, Քրիստինեի պատմածում ինքը աֆեկտի մեջ գտնվելու հատկանիշներ է նկատում:
Պաշտպանի միջնորդությունները բավարարելով՝ վերաքննիչ դատարանը գործը քննեց վերաքննության կարգով՝ հրավիրելով վկաներին, փորձագետներին:
Դատարան հրավիրված փորձագետները պնդեցին իրենց տված եզրակացությունը: Նրանք նշեցին, որ մանրակրկիտ կերպով են աշխատել Քրիստինեի հետ: Եվ ի հայտ են բերել, որ նա առողջ դատողության տեր կին է, չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, դրա համար էլ ճանաչվել է մեղսունակ: Արարքի կատարման պահին նա գտնվել է դեպրեսիոն խանգարման վիճակում, բայց չի կորցրել իր արարքը հասկանալու ունակությունը:
Միևնույն ժամանակ դատական հոգեբանը նշեց, որ փորձաքննության ժամանակ Քրիստինեն չէր պաշտպանվում, նա այն աստիճանի էր իրեն մեղավոր ճանաչում, իր մեղքից տառապում, որ չէր էլ փորձում պաշտպանվել առաջադրված մեղադրանքից:
Թե ինչքանով էր խմած մկնդեղն ազդել Քրիստինեի գիտակցության վրա, փորձագետը դժվարացավ ասել, բայց ընդգծեց, որ նա այն աստիճանի էր պահպանել դատելու ունակությունը, որ արարքից հետո իր մեջ ուժ է գտել՝ արարքի մասին հայտնելու, ինչն էլ պատճառ է դարձել, որ երեխաներին ու նրան ժամանակին բժշկական օգնություն ցույց տան ու փրկեն:
Փորձագետների տված պարզաբանումներից հետո պաշտպանը, այնուամենայնիվ, միջնորդություն արեց կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ գործում առկա մասնագիտական եզրակացությունը և վերաքննիչ դատարանում փորձագետների տված պարզաբանումները համարելով լիարժեք:
Այսօր դատարան էր եկել Դավթաշենի թաղապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը:
Մինչև վերջերս երեխաները գտնվել են Քրիստինեի մոր խնամքի տակ, նրանց թույլ չի տրվել անգամ շփվել հոր հետ:
Երեխաների հայրը, որ այս գործով տուժած երեխաների ներկայացուցիչ է ճանաչված, դիմել է պատկան մարմիններին՝ երեխաների խնամքն իրեն հանձնելու դիմումով:
Օրերս երեխաները հանձնվել են հորը, գտնվելու են հոր խնամքի ներքո:
Քրիստինեի ամուսինը դիմել է նաև Քրիստինեին ծնողական իրավունքներից զրկելու հարցով՝ հիմք ունենալով նրա կատարած արարքը՝ երեխաներին մկնդեղ տալը: Թաղապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն այդ հարցով ներգրավված է որպես կողմ և պետք է եզրակացություն տա: Քրիստինեին հարցեր տալու համար էլ հանձնաժողովի ներկայացուցիչը եկել էր դատարան, սակայն նրան պարզաբանվեց, որ Քրիստինեի հետ հանդիպել կարող է դատարանի թույլտվությամբ ու միայն՝ կալանավայրում:
Մեր զրույցում հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ հայրական տուն տեղափոխված վեց և չորս տարեկան երեխաները բոլորի կողմից բնութագրվել են որպես շատ ընդունակ ու խելացի երեխաներ: Հանձնաժողովն այս բարդ գործում, ծանոթանալով բոլոր հանգամանքներին, կողմերի տեսակետներին, պետք է կայացնի որոշում, որը կբխի երեխաների շահերից:
Ցավոք, կատարվածը լուրջ հետք կարող է թողնել տուժած երեխաների հիշողության մեջ, կարող է ազդել նրանց հոգեկան աշխարհի վրա: Հոգեբանական վերականգնման ուղղությամբ ոչ միայն հարազատների, այլև մասնագետների աշխատանքի կարիքը կա երեխաների հետ: Այս երեխաների մեջ ատելություն կամ վախ սերմանել չի կարելի, կատարվածը նրանք պետք է իրենց տարիքին համապատասխան հասկանան, որպեսզի ժամանակի հետ անպատասխան մնացած հարցերը չվերածվեն սևեռուն մտքերի…
Հաջորդ դատական նիստին դատարանը կունկնդրի կողմերի վիճաբանությունները:









































