Երևանի 2014 թվականի բյուջեի նախագծով կրկնապատկվել է թեքահարթակների կառուցմանը տրամադրվող գումարը և հասցվել 40 մլն դրամի, քանի որ թեքահարթակների կարիք կա բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Առաջին անգամ համայնքային բյուջեից ՝ թեքահարթակներ կառուցմանը գումար է հատկացվել 2013-ին: Խոսքը 20 մլն դրամի մասին է, որով 293 թեքահարթակ է կառուցվել:
Հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը նշել է, որ 2014 թվականին աշխատանքներն այս տարվա ծրագրի համեմատ կրկնակի են լինելու և հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին է հանձնել 197 փողոցներից բաղկացած նախնական ցանկը՝ սահմանված ժամկետում քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար։










































