Թուրքիան կպահպանի եղբայրական հարաբերությունները Եգիպտոսի ժողովրդի հետ՝ չնայած երկրների միջև քաղաքական իրավիճակ սրմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսում ռազմական հեղաշրջման վերաբերյալ թուրքական կառավարության քննադատությունը չի նշանակում միջամտություն այդ երկրի ներքին գործերին:
Նոյեմբերի 23-ին Եգիպտոսի իշխանություններն իջեցրել էին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և պահանջել Կահիրեում այդ երկրի դեսպանից լքել Եգիպտոսը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, խոսելով Թուրքիայի հանդեպ Եգիպտոսի զինվորական ղեկավարության ընդունած որոշման մասին, նշել էր, որ երկու երկրների միջև ստեղծված իրավիճակը ժամանակավոր է:










































