Հայ ավետարանական եկեղեցին ակտիվորեն գործում է ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, վերջերս լինելով Ղարաբաղում՝ նա պարզել է, որ այս կրոնական կազմակերպությունը թափանցել է նաև կառավարական օղակներ: Ինչպես փոխանցեց նա, այս եկեղեցին ԼՂ-ում կատարում է նույն գործունեությունը, ինչ ՀՀ-ում՝ հողատարածքներ է գնում, մինչդեռ դա ՀՀ Սահմանադրությամբ արգելված է: Կատարում է բարեգործություններ, մանկապարտեզներ է վերանորոգում, կազմակերպում է ճամբարներ, անապահով խավի պահպանությամբ է զբաղվում, բայց միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր եկեղեցու անդամ է: Տրամադրած գումարների միջոցով ժամանակին վերանորոգվել է Բերդաձորի եկեղեցին, Շուշիում երիտասարդական ճամբար է կառուցվել:
Այն դիտարկմանը, թե վերջերս «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության նախագահ Սեդրակ Ասատրյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ օրենքում կան բացառություններ, և օտարերկրացին կարող է ՀՀ-ում հողի սեփականատեր դառնալ, պրն Ամարյանը մեկ անգամ ևս նշեց, որ օրենքով բացառությունների մեջ չի մտնում ֆիզիկական կամ իրավաբանական աձնանց հող վաճառելը, ՀՀ հողերը հնարավոր է առնվազն վարձակալությամբ տալ՝ ելնելով միջպետական հարաբերություններից և հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա:
Այն հարցին, թե գուցե այս կառույցը կապ ունի ավետարանականների հետ, ինչն էլ նման հայտարարության պատճառ է դարձել, Ալ. Ամարյանը նշեց, որ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական գրասենյակը 2000 թվականին, ամենայն հավանականությամբ, ունեցել է համագործակցություն՝ ի վնաս պետության: Արդյունքում, պետական ակտերի հետ կապված, դատական պրոցեսներ են կասեցվել:
Խոսելով Հայաստան ներգործած մի քանի աղանդների մասին՝ նա նշեց, որ դրանց վտանգավորության աստիճանը շատ մեծ է, այդ ուղղությամբ այժմ կատարվում են ուսումնասիրություններ. «Կան շատ վտանգավոր նոր կառույցներ, բայց դրանք պետք է ուսումնասիրել, նոր հրապարակել, որպեսզի դրա վտանգավորությունը ամբողջությամբ ներկայացվի հանրությանը: Այդ կառույցները միայն այլասերվածություն են բերել, որոնց հիմնական թիրախը երիտասարդներն են: Այցելելով նմանատիպ կառույցներ՝ երեխաների մեջ կորչում է սիրո, նորմալ ընտանիք ունենալու գաղափարը»:
Նրա հավաստմամբ՝ սխալ է ուղղակի հայտարարել, թե այսպիսի աղանդ կա, պետք է ցույց տալ դրա վտանգավորության աստիճանը: Այս առումով, ինչպես փաստեց մեր զրուցակիցը, սխալ է աշխատում «Միացյալ երիտասարդական լիգան»: ՄԵԼ-ի Սևակն այնպես է անում, որ ծեծ ուտի, նա ոչ թե աղանդների բացահայտմամբ, այլ գովազդով է զբաղված: Ամեն ինչը պետք է ասել այն ժամանակ, երբ բավարար փաստեր կան, և հարվածը ուժեղ կլինի»:
Ալեքսանդր Ամարյանն ասաց նաև, որ այժմ աղանդավորական կազմակերպությունների դեմ տարվող պայքարի նոր փուլ են մշակում, մտադիր են զբաղվել հասարակական-հոգևոր դաշտի պահպանմամբ և մաքրմամբ, պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կմիանան իրենց:









































