«Հրապարակ» օրթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
Ինչու է Սերժ Սարգսյանը կենդանացնում «դիակներին», անհայտության գրկից հանում-փրկում մարդկանց, ովքեր իրենց դարը, թվում է՝ ապրել են և այլևս նոր խոսք ասելու, նոր գործ անելու անընդունակ են: Այսպես ասած՝ փոշին թափ է տալիս վրաներից ու կրկին գործի դնում: Այս հարցադրումները ծագեցին դեռ այն ժամանակ, երբ Հանրապետականի ԱԺ թեկնածուների ցանկում հայտնվեցին Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը: Հետո՝ որոշ ժամանակ անց, հատուկ մի կառույց ստեղծվեց Վազգեն Մանուկյանի համար, ով իր հետ «նոր կյանք» տվեց նաեւ Արշակ Սադոյանին ու հին էշելոնի այլ ներկայացուցիչների: Փաստորեն՝ մեր «մեծահոգի» նախագահը ոչ մեկին չի մոռացել, ոչ մեկին չի թերագնահատում, ոչ մեկին չի ուզում կորցնել:
Կենացներն ավելի քաղցրացան, երբ Ղազախստանում դեսպան նշանակվեց Արա Սահակյանը, ում կապերն իր նախկին՝ տերպետրոսյանական թիմի հետ վաղուց էին խզվել: Թերևս նախկին թիմի հետ կապերը խզելու հանգամանքը «մի ուրիշ ձև» է ազդում մեր նախագահի վրա. այլ կերպ հնարավոր չէ բացատրել, ասենք, Հրայր Կարապետյանին Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակելու փաստը: Մարդ, ում Դաշնակցությունն անգամ չընդգրկեց իր խորհրդարանական ցուցակում: Եթե այս ցանկին ավելացնենք նաև թոշակի գնացած Էդիկ Բարսեղյանին ոստիկանապետի խորհրդականի, Ալիկ Սարգսյանին՝ իր խորհրդականի պաշտոնում տեղավորելը, Աղվան Հովսեփյանին ապագա քննչական մարմնի ղեկավար նշանակելու խոստումը և հրապարակային պարսավանքից հետո Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահ առաջադրելը, պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկի ծառայություններից չի հրաժարվում, ոչ մեկին չի զրկում արտոնություններից ու լավ կյանքից: Ոչ մեկին չի ուզում իրեն թշնամի սարքել ու ընդդիմության ճամբար ուղարկել:









































