Այսօր «Հոդված 3» «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նախկինում Փաշինյան-Մարուքյան տարաձայնությունների մասին, երբ դաշինք կազմելուց առաջ Փաշինյանը կասկածի տակ էր առնում, որ «Լուսավոր Հայաստանին» և նրա ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմություն են. «Ինձ մոտ հարց է առաջանում՝ կամ Մարուքյանը ի սկզբանե չի աշխատել իշխանությունների համար, դուք սխալվում էիք, կամ Էդմոն Մարուքյանն աշխատել է, ու հիմա այլևս չի աշխատում, կամ մինչև հիմա էլ աշխատում է իշխանության հետ, բայց դուք իր հետ դաշինքի մեջ եք, այս հանգույցը լուծեք»: Փաշինյանն այս առնչությամբ ասաց, որ նախկինում էլ այս հարցերին պատասխանել է, և խոսքը վերաբերել է քաղաքական մոտեցումներին:
Ապա` Փաշինյանն անդրադառնալով իշխանության «պրոյեկտ» լինելու վարկածներին, ասաց, որ կարող է մեկ այլ օրինակ բերել հօգուտ իշխանության, որ ինքը իշխանության պրոյեկտն է. «Օրինակ այն, որ ես ձեր առջեւ ողջ-առողջ , կենդանի նստած եմ, որովհետև Հայաստանում կան տեսակետներ՝ եթե ես չլինեի իշխանության պրոյեկտ, պետք է, ասենք՝ Թոխմախի գերեզմանոցում լինեի, մի հատ քար լիներ՝ երկու տող իմ ելույթից մեջբերած»:









































