Էյֆելյան աշտարակի աստիճանի 750 կգ կշռող մասը Փարիզում աճուրդի կհանվի:
Այժմ ցանկացած մարդ կարող է ձեռք բերել Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրից՝ Էյֆելյան աշտարակից մի կտոր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Խոսքն այն աստիճանի մասին է, որը սկզբում միացնում էր աշտարակի առաջին և երկրորդ հարկերը: 1983 թ. աստիճանը հանվել է, քանի որ այն չէր համապատասխանում անվտանգության նորմերին:
Աստիճանը մի քանի մասերի են բաժանել և վաճառել աշխարհի տարբեր աճուրդներում: Իսկ այս մասը նախկինում պահվում էր Շվեյցարիայի անհատական հավաքածուներից մեկում:
Աստիճանի նախնական արժեքը 30 հազար եվրո է, սակայն մասնագետները կանխատեսում են, որ դրա վերջնական գինը բավականին մեծ կլինի: «2009 թ. աստիճանի մի մասը 550 հազար դոլարով է վաճառվել»,- նշել է աճուրդի տան մասնագետներից մեկը:








































