Հայաստանում վերստին հասունանում է լեզվական խնդիրը: Թվում էր, որ 22 տարի անկախ պետություն ունենալը բավական պետք է լիներ, որ գոնե այդ խնդիրը Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում չլիներ: Այսինքն` քննարկելի չլիներ Հայաստանում որևէ այլ լեզվի կարգավիճակի խնդիրը՝ հայերենից բացի, և քանի որ հայերենն ունի պետական կարգավիճակ, ապա լեզվական խնդիր որպես այդպիսին պետք է չլիներ: Կամ լեզվական խնդիրը պետք է լիներ ընդամենը գիտական բանավեճը հայերենի հեռանկարների, հարստացման և այլ հանգամանքների շուրջ:
Մինչդեռ 22 տարեկան անկախ պետության մեջ քննարկվում է օտար լեզվի հատուկ կարգավիճակի հարց: Տվյալ դեպքում օտար լեզուն ռուսերենն է, թեև ոչ մի նշանակություն չունի, թե որն է այդ լեզուն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թե իսպաներեն: Հայաստանում որևէ այլ լեզու չի կարող հատուկ կարգավիճակ ունենալ, և միակ` այսպես ասած կարգավիճակային լեզուն պետք է լինի հայերենը: Իսկ որ լեզուների ուսուցման խնդիրը պետք է դրված լինի լրջորեն և պետք է ապահովվի լեզվիմացության բազմազանությունը, հանրության մոտ պետք է ներդրվի այդ իրողության անհրաժեշտության, դրա միջոցով աշխարհաճանաչողության ընդլայնման գիտակցումը` սա կասկածից վեր է:
Հայաստանի քաղաքացին, իհարկե, պետք է հնարավորություն ունենա, լիարժեք և ազատ հնարավորություն, մատչելի հնարավորություն, և ցանկալի է, որ տիրապետի հնարավորինս շատ օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, եթե կուզեք՝ նույնիսկ թուրքերեն, որովհետև հակառակորդի և մրցակցի լեզուն իմանալն էլ չափազանց կարևոր իրողություն է: Սակայն այս ամենը բացարձակապես կապ չունի այն քննարկումների հետ կամ այն թոհուբոհի հետ, որ պարբերաբար առաջանում է օտար լեզուներից մեկի՝ ռուսերենի հատուկ կարգավիճակի առումով:
Հիմա նույնիսկ առաջարկներ են հնչում Հայաստանում ռուսերենն աշխատանքային լեզու դարձնելու վերաբերյալ: Մի կողմից սա, իհարկե, զարմանալի չէ: Երբ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության հանդիսավոր ռազմական շքերթի ընթացքում Հանրապետության հրապարակով ռուսական դրոշն անցավ` ռուսական «սապոգով», դրա դեմ բողոքեց ընդամենը մատների վրա հաշված թվով քաղաքացի: Ռուսական դրոշն ու սապոգը անցան Հանրապետության հրապարակով, և ամենևին զարմանալի չէ, որ հիմա նրանց հետևից եկել է ռուսերեն լեզուն: Դրոշն ու սապոգը լեզվի համար էին ճանապարհ բացում: Հիմա այդ ճանապարհը բացված է, և անցնում է ռուսերեն լեզուն: Թե ինչ է սա նշանակում անկախ պետության, պետական, ազգային արժանապատվության տեսանկյունից` ուղղակի ավելորդ է խոսել:
Լեզուն մեր ինքնության, մեր ազգային նկարագրի, մեր լինելիության հիմքն է, ոգու լիցքավորիչը, ուժի աղբյուրը, ինքնավստահության, ինքնազգացողության հենասյուներից մեկը՝ կարևոր հենասյունը: Կասեինք, որ լեզուն մեր հարստությունն է, սակայն պետք է մի քիչ զգույշ լինել, քանի որ եթե իշխանությունները հարստություն բառը լսեն, ապա լեզվի վերջն ավելի շուտ կտան, ավելի արագ կտան: Ինչով պետք է դուրս մղել այդ ամենը մեր միջից: Բնազդներով, բնազդների վրա հիմնված վարք ու բարքի թելադրանքով դուրս շպրտելը կարծես թե չի ստացվում, մնում է «սեպը սեպով» հանելու տարբերակը: Պատահական չէ, որ հենց այդ տարբերակն է ընտրվել՝ չէ՞ որ դա ռուսական ասույթն է, ռուսական մտածողությունը, որը այսօր լեզվի մասով ներդրվում է Հայաստանում և սեպը՝ հայերենը, որ խոչընդոտի նման կանգնած է Հայաստանի ինքնիշխանության նվաճման ճանապարհին, փորձում են հանել սեպով՝ ռուսերեն լեզվով: Զրկում են Հայաստանը հայերենից, և չկա Հայաստան՝ կա լիակատար ֆորպոստ, որի վերաբերյալ պլանները հնչեցվել են դեռ տարիներ առաջ, երբ Հայաստանում որևէ մի պետական այր չհամարձակվեց դժգոհել անգամ ռուս չինովնիկների նման ձևակերպումների դեմ՝ սկսած նախագահող Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած նժդեհա-տարոնական ՀՀԿ-ականներով:
Ֆորպոստը հռչակվեց հայկական «էլիտայի» լռության ներքո, և հիմա էլ «էլիտայի» լռության ներքո ֆորպոստը վերածվում է իրականության, այսինքն` «ֆորպոստ» օպերացիան հասցվում է ավարտին: Եվ էլի՝ ոչ մի ծպտուն, և հակառակը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում պատրաստվում են դիմավորել Պուտինին, և չի բացառվում, որ լեզուն հենց կլինի նրան մատուցված ամենամեծ նվերը՝ դրանից ավելի լավ նվեր ոչ մի տիրակալ չի էլ կարող երազել: Սա լինելու է Հայաստանի նվաստացման և որպես պետություն փոշիացման վերջին շտրիխը: Եվ եթե հասարակությունը թույլ տվեց հայերենի հետ անել այն, ինչ պատրաստվում են ռուսերենի որևէ կարգավիճակով, ապա դրանից հետո այլևս դժվար է պատկերացնել նաև հասարակության որևէ դերակատարում Հայաստանի հետ կապված հարցերում:
Մի անգամ հասարակությունն արդեն իսկ կարողացել է կանխել լեզվական գրոհը՝ մի քանի տարի առաջ, օտարալեզու դպրոցների դեմ պայքարով: Այսօր նոր փորձ է տեղի ունենում, և ակնհայտ է, որ այս փորձը իր բնույթով և փաթեթավորմամբ այլ է, սակայն էությունը շարունակում է մնալ նույնը: Սա մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանությամբ մտահոգ ցանկացած քաղաքացու, և հասարակությունը պետք է վերցնի իրեն նետված ձեռնոցը ու մտածի ստեղծված իրավիճակում գրագետ, ավելորդ էմոցիաներից հեռու արդյունավետ և գլխավորը՝ իրապես համաժողովրդական դիմադրության կազմակերպման մասին: Նոր գրոհը բավական ուժգին է նախորդի դիմադրության ռեսուրսներով այս մեկն էլ հաղթահարելու համար: Հարկավոր են պայքարի նոր ռեսուրսներ, նոր կառուցվածք:









































